Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն, ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
«Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա դժբախտ պատահարներից։ Մենք երախտապարտ են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն ու Վրաստանի կառավարությանը՝ այս քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, որը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են»,-ասված է հայտարարությունում։
Միացյալ Նահանգներն ուրախ է աջակցել այդ քայլերին և հուսով է, որ դրանք հող կնախապատրաստեն հավելյալ համագործակցության համար։ Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին և հայտնում, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին՝ համագործակցությունը շարունակելուն ուղղված ջանքերում ու լուծելու նրանց միջև առկա չլուծված խնդիրները։
«Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ»,-նշված է հայտարարությունում: