ՀՀ պետական սահմանի արևելյան հատվածում՝ 2-րդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, կահավորման և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ են ընթանում, խնդիր է դրված մինչև աշուն ավարտել ենթակառուցվածքների կառուցումը և լուծել զորքի կենսագործունեության ապահովման հետ կապված խնդիրները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը, ով ներկայացնում էր Սոթք հանքավայրի մոտ գտնվող նոր մատական դիրքերից մեկը, որը գտնվում է ՀՀ պետական սահմանի վրա՝ ադրբեջանական զինված ուժերից 15-20 մետր հեռավորության վրա։
«Հիմնականում կառուցվում են կացարաններ, ճանապարհներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր։ Ընդհանրապես, «պաշտպանական կառույցների կահավորման աշխատանքների ավարտ» հասկացություն զինված ուժերում չկա, միշտ բնագիծը կահավորվում է և ինժեներական աշխատանքները ինտենսիվ ընթանում են»,- նշեց Պետրոսյանը։
2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի խոսքով՝ այս դիրքում զինծառայողները իրականացնում են պետական սահմանի պահպանություն։
«Մարտական դիրքում այս պահին պաշտպանական խնդիրներ չենք իրականացնում, քանի որ հակառակորդի կողմից որևէ սադրանք այս պահին այս հատվածում չկա և չի էլ եղել»,- նշեց Պետրոսյանն՝ ընդգծելով, որ ինչպես այս, այնպես էլ պաշտպանության գոտու մյուս մարտական դիրքերում զինծառայողների համար բոլոր անհրաժեշտ միջոցները ապահոված են։
Գնդապետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Սոթքի հանքավայրի հատվածում հակառակորդի կողմից որևէ շարժ չի նկատվել և որևէ խախտումներ չեն արձանագրվել։ Ըստ Պետրոսյանի՝ հիմնական խնդիրը եղել է Ներքին և Վերին Շորժայի մոտ գտնվող հատվածներում, այդ հարցի շուրջ հակառակորդի հետ բանակցություններ են ընթանում։
«Զինծառայողները ադրբեջանցիների հետ որևէ շփում չեն ունենում, միայն հրամանատարական կազմն է կապվում նրանց հետ, եթե հանձնարարական են ստանում ինչ-որ հարցերի շուրջ բանակցել։ Այսինքն՝ միայն լինում են զորամիավորման և բրիգադայի հրամանատարի մակարդակի շփումներ»,- հավելեց Պետրոսյանը։
Գնդապետը հավաստիացրեց՝ ընդհանուր զինծառայողների մարտական ոգին շատ բարձր է, հարկ եղած դեպքում շատ հուժկու հարված են տալու հակառակորդին։
«Դուք գիտեք, որ 2-րդ բանակային կորպուսը 44-օրյա պատերազմի ընթացքում իր մարտական խնդիրը լիարժեք կատարել է՝ մինիմալ կորուստներով, մաքսիմալ խնդիրներ կատարել։ Զորամիավորումը տվել է շատ քիչ զոհեր, շատ քիչ վիրավորներ, բայց ամբողջ Քարվաճառի բնագիծը պաշտպանել»,- ընդգծեց Պետրոսյանը։
Ներկայացնելով մարտական դիրքում զինծառայողների կենսապայմանները, 2-րդ բանակային կորպուսի թիկունքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Շիրազ Խաչատրյանն ասաց, որ ցուրտ եղանակի ժամանակ կացարաններում զինծառայողները միացնում են էլեկտրական տաքացուցիչ, իսկ ձմռանը օգտագործում են վառարան։
«Վառելափայտը ու քարածուխը կա, տաքացման հետ կապված խնդիր չունենք»,- ավելացրեց Խաչատրյանը։
Ժամկետային զինծառայող Հրաչ Ավետիսյանը, ով այս պահին իրականացնում է մարտական հերթապահություն, նշեց, որ հակառակորդի կողմից որևէ խախտում չի նկատել արձանագրվել ամեն ինչ հանգիստ է։
«Մեկ-մեկ տեսնում ենք ադրբեջանցի զինծառայողների, բայց որևէ շփում իրենց հետ չենք ունենում»,- ասաց Ավետիսյանը։
Ժամկետային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Դավթյանը ընդգծեց, որ մարտական դիրքում բոլոր հարմարությունները կան։ Դավթյանը մասնակցել է Քարվաճառի պաշտպանական մարտերին և այժմ մարտական հերթապահություն է իրականացնում Սոթքի հանքավայրի մոտ գտնվող մարտական դիրքում։
«Քարվաճառի դիրքերում ամեն ինչ կառուցել էինք, կահավորել, սակայն ամեն ինչ թողեցինք, եկանք։ Այստեղ զրոյից սկսել ենք նորից կառուցել։ Բոլոր դժվարությունները հաղթահարելի են, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Դավթյանը։