«Հրապարակ»-ը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունում հանրության համար անտեսնելի, ինտրիգային պրոցեսներ են ընթանում: Մեր տեղեկություններով, ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, ով ներկայում իրականացնում է ԱԳ նախարարի պարտականությունները, երկակի խաղ է իրականացնում՝ ձևական դիմում է գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին, իր կոլեգաներին ապացուցելու համար, որ ինքը նրանցից պակաս հայրենասեր չէ, իրականում, սակայն, խաղերի մեջ է նիկոլականների հետ՝ Ավինյանը նրա դիմումը չի ստորագրել և հանդիպակաց առաջարկ է արել Ղևոնդյանին: Վերջինիս, ըստ մեզ հասած տեղեկությունների, խոստացել են ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ ընտրություններից հետո: Հայտնի է, որ ԱԱԾ տնօրենից փաշինյանական վերնախավը դժգոհ է եւ եթե վերարտադրվեցին՝ նրան հաստատ ազատելու են պաշտոնից։
ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն էլ իր պաշտոնին մնում է ընկերների եւ կոլեգաների հորդորով, որպեսզի նախարարությունը, որպես կառույց, շարունակի գործել։ Ի դեպ, Վահագն Մելիքյանն է համակարգելու էլեկտրոնային քվեարկությունը, որին մասնակցում են մեր դիվանագիտական ծառայությունների աշխատակիցները՝ արտերկրից»։