Երեկ ես հայտարարություն էի արել ու այսօր էլ մեր համապատասխան մարմիններին հանձնարարել եմ, որ պաշտոնապես փոխանցեն ադրբեջանական կողմին մեր առաջարկը՝ իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Հանկարծ չմտածեք, որ սա միակ գործիքակազմն է և հուսահատ քայլ է՝ մեր գերիների հարցը լուծելու համար։ Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում, ես չեմ ուզում այդ աշխատանքը գնահատել, որովհետև այս թեմայով մի բան ավել ասելը կարող է ոչ անհրաժեշտ զարգացումներ առաջ բերել»,- ասաց նա։
«Երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում, այս գիշեր զինվորը վերադարձվել է: Ես սա շատ դրական քայլ եմ համարում, սա կարևոր է նաև տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- հավելեց Փաշինյանը։