«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը երկրի, ժողովրդի անվտանգության ապահովումը տեսնում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ: Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց Գավառի կենտրոնական հրապարակում քարոզարշավի շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանը՝ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս:
Ծառուկյանը ելույթը սկսեց՝ շեշտելով, որ ոչ մի սուտ բան չի ասելու: Նա նշեց, որ այսօր վիճակը շատ ծանր է՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, առողջապահական ոլորտներում, ապա խոսեց վարկերից: «Այսօր ճար չկա դա փակելու: Այսօր, եթե պետությունը ժողովուրդն է, պետք է ժողովրդի մասին մտածի, քայլ կատարի»,-ասաց նա ու շեշտեց, որ երկրի վիճակը, մարդկանց տրամադրությունը փոխելու համար պետք է ներել վարկերը:
ԲՀԿ-ի՝ 30 կետից բաղկացած ծրագրի առաջին կետը վերաբերում է անվտանգությանը: Ծառուկյանը խոսեց Գեղարքունիքի մարզի սահմանային իրավիճակից: «Պետք է ապահովենք մեր ժողովրդի անվտանգությունը: Ժողովրդի անվտանգությունն ապահովելու միայն մեկ ճանապարհ կա՝ Ռուսաստանը՝ մեր դարավոր գործընկերները, բարեկամը, հարազատը, որը միշտ ցույց է տվել, որ ցանկացած հարցով մեզ հետ է: Այսօր պետք է այդ բարեկամական հարաբերությունը ոչ միայն խոսքով, այլ նաև գործով ամրապնդենք: Եվ այսօր մեր սահմանի վրա պետք է կանգնած լինեն հայ և ռուս զինվորները՝ ուս ուսի տված»,-ասաց նա:
Ծառուկյանը կարծիքով՝ գումար պետք է ներդնել՝ փակի գործարանները բացելու համար: Նա խոսեց նաև գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից՝ կարևորելով Գյուղատնտեսության նախարարության բացումը՝ առանձնացումը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ծառուկյանը կարևորեց նաև ներդրումների հոսքը՝ նշելով, որ մարդկանց պետք է հնարավորություն տրվի արտադրելու, զարգացնելու: