Մառախուղի պատճառով մոլորված և Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված զինծառայող Արթուր Քաթանյանը Սյունիքի մարզից է։
Զինծառայողի բնակության համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է , որ Արթուրը շուրջ 3 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող է։
«Դեպքը տեղի է ունեցել ծառայության ժամանակ եղանակի պատճառով։ Բավական ամպամած էր, մոլորվել է։ Տարածքում, որտեղ եղել է Արթուրը, դիրքերը բավական մոտ են, զինվորները գրեթե իրար դեմ դիմաց են կանգնած»,-ասել է համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով` Արթուրը 25 տարեկան է, ամուսնացած չէ` ծնողների հետ է ապրում։ Արթուրի ծնողներին դեպքի մասին հայտնել են։ Այս պահին, ըստ համայնքի ղեկավարի, բանակցություններ են ընթանում, որպեսզի Արթուրին ադրբեջանական կողմը վերադարձնի։