Search
Close this search box.

Հիմա ինձ մեղադրողները քննարկում են Մեղրիի միջանցքի հարց. Քոչարյան

«Հայաստան» դաշինքը կողմ է, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, սակայն կտրականապես դեմ է «միջանցքի» տրամաբանությանը: Այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Ագարակում քաղաքացիների հետ հանդիպմանը, որտեղ էլ տրվում է դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկը:

Ելույթի ընթացքում, ի թիվս տարաբնույթ այլ հարցերի, Քոչարյանը ևս մեկ հարց բարձրացրեց. «Հասկանում եմ, որ բոլորիդ մտքում անընդհատ պետք է պտտվի, պետք է ասեք՝ սա այն Քոչարյանը չէ՞, որ 15 տարի է Մեղրին հանձնում է- հանձնում է, այդպես էլ չհանձնեց»:

Նա իր կողմից Մեղրին հանձնելու մտադրության վերաբերյալ խոսակցությունները համարեց հակաքարոզչություն՝ հորդորելով չհավատալ բացարձակ ստերի, հայրենիքի հող հանձնելու մեջ մեղադրելով գործող իշխանությանը: «Հիմա ինձ մեղադրողները քննարկում են Մեղրիի միջանցքի հարց»,-ասաց նա:

Անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ Քոչարյանն ասաց. «Դաշինքը, մենք, այո, կոմունիկացիաների բացման կողմնակից ենք: Եվ նորմալ չէ, եթե ասենք, որ դեմ ենք, որ երկաթուղին աշխատի, ճանապարհներն աշխատեն. իհարկե կողմ ենք: Բայց ինձ շատ է մտահոգում այդ միջանցք բառը, որովհետև ես գիտեմ, թե Ադրբեջանն ինչ է հասկանում այդ «միջանցքի» տակ, ես գիտեմ, թե Թուրքիան ինչ է պատկերացնում «միջանցքի» տակ»:

Ըստ Քոչարյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի պատկերացմամբ՝ դա նշանակելու է ՀՀ սուվերենության որոշակի սահմանափակում՝ այդ միջանցքի վրա և իրենց ազդեցության ինչ-որ լծակների ֆիքսումը նույն այդ միջանցքների վրա: Նա դա անթույլատրելի համարեց: Այսպիսով` դաշինքը կողմ է, որ ճանապարհները բացվեն: «Բայց սրանից ոչ ավելը, քանի որ ավելին պրոբլեմային է»,-ասաց նա:

Քոչարյանը մատնանշեց հատկապես երկրի առջև ծառացած երկու խնդիր՝ անվտանգային հարցերը և տնտեսական իրավիճակը: Ըստ նրա՝ երկրում տնտեսական վիճակը գահավիժում է, գործազրկությունն աճում է, այս ամենից բխում է արտագաղթի տագնապալի աճ:

«Սա ահազանգ է, որ մենք բոլորս ինչ-որ բան պետք է անենք: Սա այն վիճակն է, երբ ձեզանից յուրաքանչյուրն իր անելիքն ունի հունիսի 20-ին՝ կանգնեցնել այս վիճակը, փոխել այն մարդկանց, այն քաղաքական թիմը, որը երկիրը հասցրել է այս վիճակի և ընտրել նրանց, որոնք ձեր կարծիքով ի վիճակի են երկիրն այս փոսից, ճգնաժամից հանել: Մենք առաջարկում ենք մեզ: Մենք դիմում ենք ձեզ և ասում, որ մենք այն ուժն ենք, այն միավորն ենք, որն ունի փորձ, գիտելիքներ, որն արդեն երկու անգամ՝ մեկ անգամ Ղարաբաղում, մեկ անգամ Հայաստանում, ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել: Եվ, եթե դուք ձեր վստահության քվեն տաք մեզ, ապա վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու և մենք գնալու ենք դեպի ուժեղ Հայաստան»,-ասաց Քոչարյանն ու հորդորեց գնալ ընտրատեղամաս և քվեարկել 24 համարի օգտին:

Please enter a valid URL