5-րդ զորամիավորումում հունիսի 4-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Հերթափոխի մեկնող զինծառայողները ստացել են հաստիքային զենք-զինամթերքը, հանդերձավորվել, անցել շարային ստուգատես ու հրահանգավորվել առաջադրված խնդիրների կատարման ու մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
***
Հունիսի 3-ին և 4-ին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Սահակ Օհանյանը հանդիպումներ է անցկացրել ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների անձնակազմի հետ։
Քննարկվել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքն ու առաջիկա անելիքները։
Ռազմաբժշկական վարչության պետը հանդիպումներում կարևորել է հակակորոնավիրուսային պատվաստումների իրականացման գործընթացը, ընդգծել, որ պատվաստումն ապահովագրում է հիվանդության հետ կապված հնարավոր բարդություններից։ Քննարկվել են նաև պատվաստումների հետ կապված հնարավոր ռիսկերը, անձնակազմին հետաքրքրող այլ հարցեր։
***
Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ապահովման և անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման վիճակը, քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։