«Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ, մենք բոլորս գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողնված արևի, կենդանիների կողմից քայքայման ենթարկված դիակաների հետ, հուղարկավորված ու արտաշիրիմված դիակների հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը:
«Թարմ դիակներ ունեցել ենք միայն պատերազմի առաջին մեկ-երկու օրը։ Բոլոր դիակները մեզ մոտ բերվել են ծայրահեղ աստիճանի աուտոլիտիկ նեխմամբ, կազմափոխմամբ, փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին որդերի թրթուրներով պատված դիակներ»,-ասաց նա։
Դատաբժիշկը նշեց, որ զինվորների դիակների մեծ մասը եղել է անճանաչելի։
«Մեզ մոտ չեն բերվել ամբողջական դիակներ, մենք ունենք ամբողջովին նեխման, ճանճերի, միջատների, թրթուրների, խոշոր անասունների՝ գայլերի կողմից հոշոտված դիակներ, մենք ունենք միայն դրանց մասունքները, ամբողջովին կմախքացած ոսկորներ են, որոնք ենթակա չեն որևէ քիմիական նյութով մշակման»,-ասաց Արմեն Գևորգյանը։