armeniasputnik.am-ը գրում է. Վերին Շորժա համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ադրբեջանցիների հարևանությամբ ապրող գյուղացիների առօրյայի մասին, անդրադարձել սահմանային լարվածության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններից գլուխ չի հանում։ Ասում է` մինչև հիմա ուշքի չի գալիս, թե ինչպես մեկ օրում ադրբեջանցիները առաջ եկան, ու արդեն 3 շաբաթ է` նրանք մեր պետական սահմաններից չեն հեռանում։
«Արոտավայրերի երկայնքով առաջ են եկել, հասել են մեր ցանքերի գլխին։ Որտեղ մենք ցանքս ենք կատարում, եկել–հասել են մի 300-400 մետրի վրա։ Անասուններին քաշել են դեպի Վարդենիսի հատվածը։ Ես ոչ մի բան չեմ հասկանում սրանց արածից, թե ինչ են անում, ինչ են մտածում, չեմ հասկանում` ինչ է կատարվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Թե ինչ արդյունք կտան երեկ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունները, Երանոսյանը դժվարանում է պատասխանել, բայց դա չի խանգարում, որ գյուղացիները շարունակեն իրենց առօրյա գործերով զբաղվել` նոր պատերազմի վտանգն աչքի տակ ունենալով։
«Ես լավատես եմ, գյուղատնտեսական աշխատանքներով եմ զբաղված, բայց չենք կարող ասել թեկուզ հենց հիմա, երբ մենք զրուցում ենք, թե ինչ կարող է կատարվել։ Ամեն րոպե հայերի և ադրբեջանցիների բախման վտանգ կա, եթե թշնամին դիմացդ է կարող է լավ բան մտածես, բայց մենք ոչ ընկճվում ենք, ոչ էլ վատն ենք մտածում»,- նշեց Երանոսյանը։
Նրա խոսքով` չնայած վտանգին` այս պահին գյուղացիներին զինելու անհրաժեշտություն չկա. ինչ պետք է, փորձառու զինվորականներն անում են։