Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ամեն օր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ խորհրդակցություններ և բանակցություններ են ընթանում արտգործնախարարների հետ: Մենք արտաքին գործերի նախարարությունների ու դեսպանատների միջոցով շփվում ենք բառացիորեն ամեն օր: Արտաքին գործերի նախարարների ղեկավարների, ինչպես Ռուսաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստանի միջոցով հեռախոսային խոսակցությունների մասին հաղորդագրությունները պարբերաբար հրապարակվում են… մեր երկրի կողմից վիթխարի ջանքեր են ներդրվել այս իրավիճակի լուծման համար` ինչպես թեժ փուլում… այնպես էլ հակամարտության մյուս փուլում»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա` խոսքը ոչ միայն քաղաքական ջանքերի, այլ նաև երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է: «Եվ, իհարկե, մեր խաղաղապահների դերի մասին, ովքեր ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին ու ունակությունները, արհեստավարժությունն ու հմտությունները` իրավիճակը շտկելու համար: Եվ որպեսզի արդեն քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան կատարել իրենց գործառույթները: Այդ պատճառով ռուս խաղաղապահների դերը թերագնահատել հնարավոր չէ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: