Մայիսի 27-ին, երբ թշնամին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում 6 հայ պայմանագրային զինծառայողների գերեվարեց, Վերին Շորժա գյուղ տանող ճանապարհը լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև պատկան մարմինները փակեցին, այդ թվում՝ Կութ համայնք տանող ճանապարհը, որտեղ թշնամին մի քանի անգամ կրակ էր արձակել։
168.am–ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ գյուղ տանող ճանապարհը բացել են, իսկ գյուղում ընդհանուր իրավիճակի փոփոխություն չկա։
«Ինչպես իրավիճակը կար մի քանի օր առաջ, շարունակում է այդպես էլ մնալ, ինչպես գիտեք։ Ես մեր 6 գերեվարվածների հետ կապված որևէ տեղեկություն չունեմ, այդ հարցով առաջընթաց չկա»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Գյուղապետի խոսքով՝ գյուղում խուճապ չկա, մարդիկ փորձում են իրենց առօրյա հոգսերը հոգալ, զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, սպասելով, թե ինչ հանգուցալուծում կունենա ստեղծված իրավիճակը։
«Դե, մարդիկ իրենց առօրյան ապրում են, ինչպես գիտեք, այդպես է, որևէ փոփոխություն չկա։ Հիմա ուզում ենք դաշտերը սնուցենք, դե, մեր առօրյան է, էլի։ Այս ընթացքում թշնամու կողմից մեր գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել»,- եզրափակեց Ա. Երանոսյանը։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: