Search
Close this search box.

Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից. Ֆրանսիայի նախագահ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իր խոսքում Էմանուել Մակրոնը նշել է. «Բարև ձեզ տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր Փարիզում հյուրընկալել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին:

Թանկագին Նիկոլ, ի նպաստ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր հանձնառությունից ի վեր, մենք վերջին տարիներին շատ ենք աշխատել միասին: Հիշում եմ հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում իմ այցելությունը Երևան և մեր բազմաթիվ քննարկումները: Այս աշխատանքային այցը տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր պահին:

Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, մենք պարոն Փաշինյանի հետ գնահատելով իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների և անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը:

Ուզում եմ առանձնապես ընդգծել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը, որն անպայման պետք է պահպանվի: Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել` հասնելու դեէսկալացիայի և հաստատելու երկխոսություն կողմերի միջև:

Ուզում եմ խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել էի պարոն Փաշինյան, սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում:

Այս դժվար իրավիճակում, որտեղ հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ՝ նախ նաև մարդասիրական ոլորտում: Նախ և առաջ մեր բուժհաստատությունները համագորածակցել են Հայաստանի բուժհաստատությունների հետ, ընտրվել են Հայաստանի բազմաթիվ հիվանդանոցներ, որոնք ունեցել են այդ կարիքը: Մենք նաև բացառիկ աջակցություն ենք ցուցաբերել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեությանը, որը զբաղվում է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և նրանց ընտանիքներին սատարման ու անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներով:

Մենք պարոն Փաշինյանի հետ խոսել ենք նաև տնտեսական գործակցության մասին, հստակեցրել ենք որոշակի բնագավառներում փոխգործակցությունը, որի նպատակն է օգնել Հայաստանին զարգացնել ենթակառուցվածքներն ու շարունակել մեր հանձնառությունը կլիմայի փոփոխությունների բնագավառում: Այս նպատակով է, որ շատ մեծ հաճույքով ընդունում եմ այսօր վարչապետի պաշտոնակատարին:

Թանկագին Նիկոլ, մենք համերաշխ ենք Հայաստանի հետ և կմնանք: Այս դժվարին ժամանակներին Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի:

Շնորհակալություն և ևս մեկ անգամ բարի գալուստ»:

Please enter a valid URL