Մեկնարկում են Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային հանդիպումները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Փարիզից, հանդիպումների առանցքում հայ ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան֊Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանն ուղղված հարցեր։
Օրվա հանդիպումները մեկնարկում են Ֆրանսիայի Ազգային Ժողովում, որտեղ նախատեսված է հանդիպում Ազգային Ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ։ Հաջորդ կանգառը Ելիսեյան պալատն է։ Կեսօրին կկայանա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, որից հետո կտրվի աշխատանքային ճաշ նախագահ Մակրոնի անունից։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կշարունակվի Սենատում, նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրառում կկատարի Սենատի Ոսկե գրքում։
Ֆրանսիական հանդիպումների օրակարգը կեզրափակվի Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Համավարակով պայմանավորված պաշտոնական պատվիրակությունների հանդիպումներում ձեռքսեղմումներ նախատեսված չեն։