Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի բնակիչ Նվեր Հակոբջանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մայիսի 30-ի առավոտյան ադրբեջանցի դիրքապահները ավտոմատներով սպառնացել են հայկական կողմի վերահսկողության տարածքում կենդանիներին արածելու դուրս բերած հայ հովիվներին:
«Ադրբեջանցիներն իրենց դիրքից ավտոմատը պահել են մեր հովիվների վրա ու ասել են շուտ մաքրվեք էդտեղից, թե չէ կրակ ենք բացում: Բայց մեր հովիվները մեր տարածքում են եղել, սահմանը չեն խախտել, մերոնք է, որ ավտոմատները հանել են, ասել են դե փորձվեք՝ սրանք նոր հանդարտվել են»,-ասաց Խնածախի բնակիչը:
Նա նշեց,որ գյուղը շատ ծանր կացության մեջ է և գյուղացիների ապրուստի միակ միջոցը կենդանիներն են:
«Եթե կենդանիներին արածացնելու հնարավորություն չունեցանք՝ ստիպված պիտի գաղթենք գյուղից, ապրուստ չենք ունենա: Մենք շատ վիրավորված ենք, որ Նիկոլ Փաշինյանն այդքան տարբեր տեղեր է գնում, այդքան գյուղերի անուններ է ասում, բայց մեր գյուղինը ոչ մի անգամ չի ասել: Խնդրում եմ Ձեզ փոխանցեք իրեն, որ Խնածախ գյուղի ողջ բնակչությունը շատ վիրավորված է իրենից, որ ոչ մեր գյուղի մասին խոսում է, ոչ էլ մեր խնդիրներին լուծում տալիս»,-ասաց Հակոբջանյանը:
Նա խնդրեց մեզ, գյուղի խնդրանքը փոխանցել Փաշինյանին, քանի որ բնակիչները Փաշինյանից ակնկալում են իրենց հուզող խնդիրների լուծումը՝ հատկապես անվտանգային պայմանների ապահովումը:
Միջադեպից հետո նոր սադրանքների ադրբեջանցիները չեն դիմել: