Չփորձե՛ք խաղալ ծնողների էմոցիաների հետ
Չէի խոսի այս մասին, եթե արդեն որերորդ մարդն ինձ չասեր, որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ընտրական այս շրջանում մտնում են ռազմագերիների եւ անհետ կորած մեր զինվորների ընտանիք եւ իմ անունից հույս են տալիս ընտանիքներին, անհետ կորած զինվորների ծնողներին ստում են, ասելով, թե ճշտված է, որ իրենց որդին գերեվարված է եւ Նաիրա Զոհրաբյանը, օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները, խոստացել է վերադարձնել ձեր որդուն։
Սա անբարոյականություն է։
Մի քանի քվե ավել պոկելու համար օգտագործել իմ անունն ու խաբել ամեն օր իր որդու վերադարձին սպասող ծնողին՝ սա քաղաքական ջեբկիրություն է։
Կրկնում եմ՝ որեւէ քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավին չեմ մասնակցում եւ այս ընթացքում իմ խնդիրն է լինելու իմ գործընկերների հետ վերահսկել ընտրությունների ընթացքը։
Եւ անգամ այն դեպքում, երբ ռազմագերիների ու անհետ կորածների ծնողներն ինձ ասել են, որ պատրաստ են քաղաքական աջակցություն ցուցաբերել ինձ՝ կատեգորիկ մերժել եմ, որովհետեւ խաղալ ծնողների սպասումների եւ հույզերի հետ՝ անբարո է։ Մեզանից յուրաքանչյուրը, եթե ունի որեւէ, անգամ նվազագույն հնարավորություն զբաղվելու եւ ինչ-որ տեղեկություն իմանալու ռազմագերիների եւ անհետ կորածների մասով, պիտի անի։ Դա այն նվազագույնն է, ինչը մենք պարտավոր ենք անել ու էստեղ քաղաքական բոնուսներ փնտրելն ու ծնողների ցավի վրա մի քանի քվե ավել պոկելը պարզ խուլիգանություն է։
«Իրավական ուղի» կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը եւս ինձ տեղեկացրեց, որ որոշ մարզերում մտնում են մարդկանց տներ եւ իմ անունից կեղծ խոստումներ տալիս ծնողներին։
Հարգելի՛ ծնողներ, ես ձեզանից շատերի հետ ամենօրյա կապի մեջ եմ, մենք ձեզ հետ միասին ամեն օր քննարկում ենք հնարավոր բոլոր իրավական ուղիները գերության մեջ գտնվող ձեր որդիներին վերադարձնելու եւ անհետ կորածների մասին տեղեկատվություն իմանալու համար։ Իմ յուրաքանչյուր քայլի եւ կատարած աշխատանքի մասին ես ամեն օր ձեզ տեղեկացնում եմ եւ շարունակելու ենք միասին աշխատել՝ մինչեւ վերջին ռազմագերին չգա տուն։
Իսկ մնացյալը քաղաքական դիակապտություն է:
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան