Search
Close this search box.

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին ու բախվել ծառին. վարորդին հիվանդանոց են տեղափոխել 2 երիտասարդ տղաներ

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում դեռևս ինքնությունը չպարզված անձը ( իգական սեռի) BMW մակնիշի 27 MO 027 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը 2 երիտասարդ տղաների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և այդ երիտասարդները իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները ՝ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբելյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը օտարերկրյա քաղաքացի, 26-ամյա Մոնիկա Կ.-ն է, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL