Search
Close this search box.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի կողմից 6 հայ զինվորների գերեվարման հետ կապված հայտարարությամբ են հանդես եկել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի կողմից 6 հայ զինվորների գերեվարման հետ կապված հայտարարությամբ են հանդես եկել:

Համանախագահները մայիսի 27-ին եւ 28-ին Ժնեւում խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերի եւ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահներն ի գիտություն են ընդունում մայիսի 27-ին վեց հայ զինվորների ձերբակալման մասին զեկույցը եւ կոչ են անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ մյուս ձերբակալվածներին: Նրանք շեշտում են միջազգային մարդասիրական օրենսդրությանը համապատասխան կալանավորված անձանց հետ վարվելու պարտավորությունը: Համանախագահները կողմերին հորդորում են անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր սահմանափակումները, ինչպես նաեւ կողմերին կոչ են անում լիովին կատարել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Համանախագահները նաեւ մտահոգությամբ նշում են հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին վերջին մի քանի հաղորդագրությունները: Սահմանային վեճերը լուծելու համար ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքն անընդունելի է: Նրանք կոչ են անում երկու կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել, ներառյալէ զորքերի վերատեղակայումը, իրավիճակի դեէսկալացիան եւ խաղաղ ճանապարհով սահմանազատման եւ սահմանագծման շուրջ բանակցությունների մեկնարկը: Համանախագահները պատրաստ են աջակցել այս գործընթացին:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ում իրենց մանդատի ժամկետները եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ձգտումը կայուն, խաղաղ եւ բարգավաճ ապագայի հանդեպ` համանախագահները կողմերին կրկին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել իրենց հովանու ներքո աշխատանքը:

Հիշեցնենք, որ հայ զինծառայողներին գերեվարել են Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները:

Please enter a valid URL