Վերջերս հրապարակված փաստաթղթում, որտեղ Մեղրիի փոխանցման ծրագիրն էր քննարկվում, այդ փաստաթղթում ասվում է՝ Մեղրիի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղը, Շուշիի շրջանը եւ Լաչինի շրջանը փոխանցվում է Հայաստանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես դեռ բովանդակությանը չեմ անդրադառնում, ձեւակերպմանն ուշադրություն դարձրեք՝ «ԼՂԻՄ-ի տարածքը, Շուշին, Լաչինչ շրջանը»: Շուշին առանձնացված է Ղարաբաղից եւ դրված է Լաչինի հետ նույն շարքում: Մեր շատ ներկայացուցիչներ ասում են՝ Շուշիի հարց չի եղել: Ես նոյեմբերին հայտարարում եմ, որ Շուշիի հարցը միշտ եղել է բանակցային գործընթացում: Ընդհուպ մինչեւ մեր ԱԳՆ-ից ասում են՝ չի եղել տենց թեմա: Բայց հետո մենք մինչեւ վերջ բացեցինք: Պարզվեց, որ իրենց պատկերացմամբ, որով պետք է Ղարաբաղի հարցը լուծեն, պետք է լուծվեր ԼՂ բնակչության կամարտահայտության միջոցով: ՀՀԿ-ականներն ասացին այո, Ղարաբաղում ապրած ադրբեջանցիներն էլ էին մասնակցելու այդ հանրաքվեին, բայց ԽՍՀՄ տարիների չափաքանակով: Նախ հղում է արված փաստաթղթերի, հետո ուրիշ փաստաթղթերի, որից կարելիէ եզարակացնել, որ այս համատեքստում բնակիչ է համարվում ոչ թե միայն նա, ով ծնվել է այդտեղ, հետո դուրս է եկել, այլ նաեւ դրանից հետո ծնված իր երեխան, թոռը եւ այլն: Հիմա Ադրբեջանը գալու էր ասելու էր, այդ 40 հազար ադրբեջանցիները, որ Ղարաբաղից դուրս են եկել, հիմա քանի՞ մարդ են դարձել:
Հաջորդը, ԼՂ բնակիչ համարվելու համար պետք է բնակվել Ղարաբաղում: Բաղ էդ Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին ապրելու: Ապրելու էին այնտեղ, որտեղ ապրել էին 1988-ին: Բա էդ ո՞նց եք ասում, որ Շուշիի հարց չի եղել, երբ այդ հարցը եղել է 1999-ի փաստաթղթում, 2007-ի փաստաթղթում, 2013 եւ 2016-2018 թվականների փաստաթղթում: Դիվանագիտական նրբություններ կան, պարտադիր չի, որ ամեն ինչ ուղիղ գրված լինի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, իրենք 2018-ին եկել են իշխանության եւ փորձել են գողացված ցեմենտով ու արմատուրայով կառուցված շենքն արագ ամրացնել, առաջին հերթին զինված ուժերը. «Ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու 2018-ին ՀՀ զինված ուժերում պետք է լիներ պրոբլեմ, որ երբ զինծառայողը գնում է արձակուրդ, ճանապարհածախսի 10 հազար դրամը չեն տալիս: Ասում են՝ այ կգնաս կոնկրետ այս մեքենայով եւ եթե նույնիսկ քո ծնողը գա քեզ իր մեքենայով տանելու, մեկ է, ասում են՝ այդ 10 հազար դրամը պետք է վճարես երթուղայինի վարորդին, անկախ նրանից՝ դու դրանով գնում ես, թե ոչ: պարզվում է, որ զորամասի հրամանատարները բյուջեով նույնիսկ 1000 դրամ չունեն, եւ նա իր գրպանի է ծախսեր անում: Մենք նախ զորամասի հրամանատարին տվեցինք բյուջե մանր կենցաղային ծախսերի համար: Արգելեցինք, որ որեւէ մեկը որեւէ կոպեկ զինվորից վերցնի: Ավելացրեցինք զինվորների ամենամսյա վճարումները, ահռելի քանակությամբ զենք-զինամթերք ձեռք բերեցինք, բայց հիմա գաղտնիքներ կան: Օրինակ, 2018-ի դրությամբ մեր միջին սպայական կազմի հաստիքների մի հսկայական մասը թափուր է եղել, որովհետեւ այն գրավիչ չի եղել:
Երբ մենք բանակում աշխաավարձերը բարձրացրեցինք, եթե սանդղակին ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ ամենաշատը բարձրացել է 50-70 տոկոսով, դասակի հ հրամանատարների մակարդակի աշխատավարձը, որովհետեւ այդ ծառայությունը գրավիչ դարձնենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ ցավոք մենք ունենք Հայաստանում մարդիկ, որոնք C-300-ի վրայից պլատա է հանում, որ տանի միջի ոսկին ծախի 30-40 հազար դրամով:
«Դուք պետք է իմանաք, որ մենք մեր երկրի հանդեպ 100 տոկոսով ազնիվ ենք. «Թերություններ շատ կան՝ կադրային քաղաքականությունից սկսած, կառավարման որակով ավարտած, բայց որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել հայրենիքին նվիրվածության աստիճանի մեջ: Չի կարող նման բան լինել:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2016-ին, երբ Կոմանդոսին ինքը հարցրել է ապրիլյան պատերազմի մասին, վերջինս պատասխանել է, որ դա եղել է «Разведка боем»: Այո, պատերազմից խուսափելու ձեւ կար՝ բոլոր 7 շրջանները հանձնել՝ առանց պայմանների եւ Ղարաբաղի կեսն էլ հանձնել՝ ներառյալ Շուշին: Իսկ Ղարաբաղի մնացած մասի ճակատագիրը թողնել անորոշ: Ընդ որում, եթե մենք գնահատեինք, որ սա մի գործարք է, որին արժի գնալ, մենք կգնայինք, բայց սա էր գինը: Մենք կարծել ենք, որ պետք է պայքարենք, որ պետք է չհանձնվենք: Մեզ մեղադրում են, որ ասել ենք՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»: Հիմա տեսանյութ է հայտնվել համացանցում, որտեղ 2016-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ եթե Ադրբեջանը հարձակվի, նոր տարածքներ կկորցնի: Փաստորեն մեզ մեղադրում են մի բանաձեւի մեջ, որի հեղինակն իրենք են:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ ինչի՞ ես արել «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը: Իր տեսակետից ճիշտ է ասում, որովհետեւ իր տեսակետը հետեւյալն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ: Եթե իրենք գտնում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ, մենք դրան համաձայն չենք»,-ասաց նա: