Նախօրեին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ադրբեջանցիների ամբոխը հարձակվել է պիկետ իրականացնող հայ երիտասարդի վրա և ծեծի ենթարկել: Հայ երիտասարդը միայնակ պիկետ է իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Russia-armenia.info լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին հայ երիտասարդը հիվանդանոցում է. «Նա ՌԴ քաղաքացի է և Ռուսաստանի օրենսդրության համաձայն միայնակ պիկետ է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այնտեղ գտնվող ոստիկանները նույնպես պետք է ամեն ինչ անեին, որ նման բան տեղի չունենա»:
Արամ Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենց տեղեկություններով մեկ մարդ արդեն ձերբակալվել է. «Ամենայն հավանականությամբ, այս սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի դեսպանատունը: Մենք շատ լավ գիտենք, որ վերջին տարիներին բոլոր սադրանքները, որոնք Մոսկվայում կազմակերպվում են հայերի դեմ, այդ ամենի հետևում կանգնած է Ադրբեջանի դեսպանատունը: Փաստացի դրանք կազմակերպում է պաշտոնական Բաքուն: Նույն սադրանքները տեղի ունեցան նախորդ տարվա հունիսին: Մենք կոչ ենք անում ՌԴ իրավապահ մարմիններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, խստորեն պատժել մեղավորներին: Ես չեմ ուզում, որ հավասարության նշան դրվի զոհի և հանցագործի միջև, ինչպես սովորաբար լինում է Ռուսաստանում», ասաց նա: