Տեղ համայնքում իրավիճակը շարունակում է նույնը մնալ, գյուղում տղամարդիկ զինված մարտական հերթապահություն են իրականացնում, իսկ թշնամին տեղակայվել է վրաններում։ Ավելին՝ ինժեներական աշխատանքներ են սկսել։
«Նորմալ է ամեն ինչ այս պահին։ Ինչքան մենք ուժեղ լինենք, նրանք իրենց ավելի նորմալ են պահելու, ինչքան մենք մեզ թույլ պահեցինք՝ կլկտիանան»,- «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Ադրբեջանական կողմին Տեղ համայնքի Խոզնավար գյուղից հետ շպրտելուց հետո առաջխաղացումներ չեն նկատվել։ Շադունցը հայտնեց, որ այդ դեպքից հետո գյուղի տղամարդիկ սկսել են զինված մարտական հերթապահություն իրականացնել։
«Դրանից հետո մենք էլ ենք սկսել հերթապահություն անել։ Մեր գյուղի տղաներին զինել ենք, գիշերները հերթապահություն են անում, մեր բանակն էլ դե իր տեղում է կանգնած։ Սպասենք տեսնենք ինչ կլինի»։
Դիտարկմանը, թե պաշտոնական տվյալով՝ ՀՀ տարածքում գտնվում է 500-600 ադրբեջանցի, Շադունցը տեղեկացրեց, որ համայնքի հետ սահմանին նրանց թվի մասին տեղեկություն ինքը չունի։
«Կոնկրետ մեր սահմանի վրա, մեր տղաները կանգնած են, ես էլ ամեն օր պտտվում նայում եմ՝ առայժմ մեծ համալրում իրենց մոտից չեմ նկատում, դա ընդամենը երևացել է Սև լճի շրջակայքում»։
ՀՀ սահմանները հսկող հայ զինծառայողների և ՀՀ ներխուժած ադրբեջանցիների միջև հեռավորությունները տարբեր հատվածներում տարբեր չափերի է հասնում։ Ըստ Շադունցի՝ հեռավորությունները տարբեր հատվածներում կարող է լինել 15 մինչև 500 մետր։ Իսկ արդյոք ադրբեջանական կողմը բաց երկնքի տակ է հերթապահում, թե մնում են վրաններում, Շադունցը նշեց, որ անգամ ինժեներական աշխատանքներ են իրականացնում։
«Ադրբեջանցինե՞րը, բաց երկնքի տա՞կ։ Չէ։ Վրաններ էլ ունեն, դոմիկներ էլ ունեն, արդեն տեղեր կա, որ ցեմենտի շաղախով բաներ են սարքում իրենց համար։ Աշխատում են. ինժեներականը իրենց մոտ լավ է աշխատում»։
Հարցին՝ իսկ հայկական կողմը դիրքավորվո՞ւմ է, Շադունցը տեղեկացրեց, որ հնարավորությունների սահմանում՝ որքան կարողանում այնքանով ամրանում են։ Համայնքի ղեկավարը հավելեց, որ գյուղի տղամարդիկ իրենց անձնական գործերը թողնում են, տասը րոպեում հավաքվում են, որ գյուղի սահմաններում հերթապահություն իրականացնեն։ Սակայն, դիմելով արտերկրում ապրող հայրենակիցներին, հնարավորության սահմաններում գյուղերին «պիկապ»-ներով կարողանան ապահովել։
«Կխնդրեի մեր գործարարներին, բարերարներին, արտերկրում ապրող մեծահարուստներին՝ եթե իրենք չեն գալիս, գոնե օգնեն՝ դնենք ուժեղացնենք, ամրացնենք։ Ամրացնել է պետք։ Ես որ տեսնում եմ իրենց տղաները պիկապներով, բանով իրենց զորքը գալիս են, տնաշեն, մենք էլ չգիտենք ինչով ենք գնում։ Արտասահմանում հաստատ մեծահարուստներ կլինեն, որոնց նկուղներում կարողա մի 10 հատ պիկապ գցած լինի՝ առանց քշելու, թող ուղարկեն՝ տղաները նստեն գնան դիրքերը ամրացնեն, հերթապահություն անեն։ Պիկապով գալիս են դեմներս կանգնում են՝ չգիտես, ոտքով ես գնում, ժիգուլով ես գնում, թե «Վոլգայով»։ Դա ինչի՞ նման է։ Ես բանակի մասին չեմ խոսում, ես մեր տղաների մասին եմ խոսում»։
Շադունցը հիշեցրեց նաև, որ նախորդ շաբաթ արոտավայրերից երկու ձի էր անցել ադրբեջանական կողմ, բայց դեռ չեն վերադարձրել։
Այսօր ադրբեջանական կողմից առավոտյան երեք ձի է անցել Տեղ համայնքի տարածք՝ Խնածախ։ Վարչական ապարատի աշխատողը լուսաբացին զեկուցել է, բայց այս պահին դեռ չգիտեն՝ ո՞ւմ են պատկանում կենդանիները։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: