Երեկ՝ մայիսի 23-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Բազեյանը` «Բաքսյոր Վաղոն» ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նա հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 13-ին Նար-Դոսի փողոցում Երևանի բնակիչ, 34-ամյա Նարեկ Սամսոնյանի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոց արձակելու հետևանքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժինը «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Նար-Դոսի փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա մի բնակիչ։ Պարզվել էր, որ 23-ամյա տղային կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է 33-ամյա Նարեկ Ս.–ն։
«Նարեկ Ս.-ն կալանավորվել է»,–այսօր հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է նաև, որ Նարեկ Ս.–ն հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով։
Հիշեցնենք, որ տուժածը Վաղինակ Բազեյանն է` «Բաքսյոր Վաղոն»։