Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ահազանգելով, թե փորձում են պատառ-պատառ անել Արցախը, Սյունիքը և Գեղարքունիքը։
«Այսօր խոցված ու վիրավոր է մեր ամբողջական հայրենիքը, մեր ինքնությունն ու արժանապատվությունը, վտանգված մեր պետականությունը, վիրավոր են մեր եղբայրները, գերեվարված և անհայտության մեջ են գտնվում մեր զավակները, որոնց ապաքինում և շուտափույթ վերադարձ եմ խնդրում Աստծուց։
Ապրում ենք ստի, կեղծիքի, խաբեության, թշնամության և ատելության մեղքի բերած աղետի տիրույթում: Փորձում են պատառ-պատառ անել մեր Տունը՝ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը և հիմա էլ այլևս անթաքույց ակնարկում են Տավուշ-ՏաՀույսի մասին:
Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին չարիքի, և մեր երազած հզոր, հաղթանակած, հավերժական ու ամբողջական Հայաստանիս ռահվիրան։
Ապրելով մեռնում ենք մեր բազմահազար նահատակ եղբայրների ու զավակների լուսավոր հայացքի ներքո, ովքեր թույլ չեն տալու մեզ իրենցից գողանալ հաղթանակի տեսիլքը և սպանել այն: Կոչված ենք նույնանալու նրանց հետ։
1918 թ․-ի ճիշտ այս օրերին մենք հիվանդ ու հյուծված կանգնած էինք լինելության վտանգի վճռորոշ օրերի առջև և տեղի ունեցավ Սարդարապատի հրաշքը և այդ հրաշքը վերստին լինելու է, որովհետև մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը լինելու է հաղթական։
Հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին», — նշել է Սրբազանը։