«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթվանից ընտրությունների պատրաստվող երկիրը կորցրել է հետաքրքրությունը քաղաքական այդ իրադարձության հանդեպ: Պատճառը Սյունիքի մարզի Իշխանասարի բարձունքներ ու Գեղարքունիքի մարզ ադրբեջանական բանակի ներխուժումն ու դրան հաջորդած իրադարձություններն են:
ՀՀ ՊՆ մեր աղբյուրները պնդում են, որ հայկական զինված ուժերի համար կոնկրետ այդ տարածքը մաքրելը ժամերի հարց է, կան մշակած պլաններ այլ դեպքերի համար եւս, ընդհանրապես, մեր զինվորականները կարծում են, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում տարիներ են պետք, որ այդ երկիրը հիմնավորվի, բնակեցվի ու այստեղ ծառայելը, առավել եւս՝ խնդիր կատարելը լինի հնարավոր: Մեր այն հարցին, թե կարող է մեր բանակը խնդիր կատարել արդյոք, մեր զրուցակիցը պնդեց, որ միանշանակ, միայն թե զենքով ապահովեն, ու նորից 5-6 երկրի դեմ չկռվեն. Ադրբեջանի հետ դեմ առ դեմ կանգնեն` նորից են հաղթելու:
Իսկ, ահա, կառավարական մեր աղբյուրները պնդում են` լուրջ կասկածներ եւ հիմնավոր տվյալներ ունեն՝ առ այն, որ Ադրբեջանն այս գործողությանը գնացել է երրորդ ուժի դրդմամբ, իսկ նպատակը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գցելն է, որպեսզի նա պարտութուն կրի ընտրություններում։
Այսինքն՝ իշխանությունը սահմանային առաջխաղացումն ու միջադեպերը պայմանավորում է ներքին խնդիրներով։ Ավելին՝ «Իմ քայլ»-ում մտավախություններ ունեն, որ Փաշինյանի ընդդիմախոսները արդեն որոշակի հաջողություններ են գրանցել, քանզի, ըստ հարցումների, Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին պատրաստ էին ձայն տալ ընտրություններին մասնակցել ցանկացողների շուրջ 60 տոկոսը, իսկ վերջին դեպքերից հետո այդ թիվն անշուշտ կնվազի:
Սակայն ամեն բան դեռ առջեւում է, արտահերթ ընտրություններին դեռ մեկ ամիս կա, եւ կասկածից վեր է, որ նույն Փաշինյանն ամեն բան անելու է՝ հռետորաբանությունն առավել խստացնելով նախկինների հանդեպ, որպեսզի իր վարկանիշը վերականգնի»: