Search
Close this search box.

Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, ուզում ենք Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞. Փաշինյան

«Դժոխային մի ճանապարհի միջով ենք անցնում, բայց պետք է անցնենք այս ճանապարհը: Ես այսօր կառավարության նիստում ձևակերպեցի՝ որն է մեր նպատակը: Նախորդ 30 տարիների մեր ամենամեծ դասը ո՞րն է, որ մենք կիսատ-պռատ հարցեր պետք է մաքսիմումը անենք, որ չթողնենք, գնանք հարցերի կոնկրետ լուծման»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր խնդիրը, որպես քաղաքական առաջնորդության խնդիր, պետք է լինի՝ գնալ հարցերի կարգավորման, այո, պատասխանատվություն վերցնել, այո, դա անել, բնականաբար, ոչ թե դավադրությունների, այլ հանրության հետ երկխոսության ռեժիմում: Մեծագույն խնդիրը՝ մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Մենք պետք է գնանք այս ճանապարհով, բայց պատրանքներ չունենանք, որովհետև ցավոք, դա միայն մեզնից չի կախված»,- նշեց նա՝ ընդգծելով՝ այսօր խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն տեսնում է:

«Պետք է քաղաքական կամք ցուցաբերել և կենացների տրամաբանությունից անցնել կիսատ թողած հարցեր լուծելու տրամաբանության: Այո, մենք պետք է գնանք նաև Ղարաբաղի հարցի կարգավորման: Նոյեմբերին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի առաջին կետը վերաբերում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պրոցեսին կամ Ղարաբաղի հարցի լուծմանը: Այսօր կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունը, համանախագահող երկրներն արձանագրում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պետք է լուծվի: Եվ այո, պետք է Ղարաբաղի հարցը լուծվի: Ինչ սկզբունքներով, ինչպես, դա պետք է քննարկենք, չնայած՝ ես դրա մասին արդեն ասել եմ, որ իմ պատկերացումն էն է, որ… իմիջիայլոց, Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում արձանագրված է նաև ինքնորոշման սկզբունքը:

Շատ կարևոր է, որ այսօր Եվրախորհրդարանը այդպիսի բանաձև է ընդունում: Եվ այո, մեր խնդիրը հետևյալն է՝ Հայաստանին պետք է այնպիսի առաջնորդություն, որ իր վրա վերցնի պատասխանատվություն՝ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա նշանակում է, որ մենք, այո, պետք է գնանք երկխոսության, կոմունիկացիաների բացման: Այդ հարցն էլ ես, անկեղծ ասած՝ լավ չեմ հասկանում՝ մենք ուզո՞ւմ ենք երկաթուղային հաղորդակցություն՝ Իրանի և ՌԴ-ի հետ, ուզում ենք:

Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, ուզում ենք Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում: Կարող ենք, իրանք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց սա նշանակում է, որ ինքներս մեր շրջափակման քաղաքականությունը ուզում ենք շարունակել: Չի կարելի այսպես, և մենք պետք է գնանք լուծումների: Հայաստանի կառավարությունը երբեք դավադրությունների մեջ սեփական երկրի և ժողովրդի հետ չի մտել և չի մտնելու»:

Please enter a valid URL