Search
Close this search box.

Սիրում է այցելել գերեզմաններ, իր ներկայությամբ պղծել զոհվածների հիշատակը, ոտնակոխ անել շիրիմները. Ով է սատանան

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԱԱԾ-ին

Ինչպես հիշում եք, կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ԱԱԾ տնօրենին բառացի, ամենայն լրջությամբ հանձնարարեց պարզել և գտնել «սատանային»։ Նկատի ունենալով, որ ԱԱԾ մեր գործընկերները տևական ժամանակ է փաստացի չեն կարողանում կատարել տրված հանձնարարականը, որոշեցինք օգնել այդ հարցում։

Ըստ Աստվածաշնչի, սատանան գոյություն ունի աշխարհաստեղծման օրերից։ Չնայած ունեցած անվանումների բազմազանությանը՝ սադայել, ազրայել, դև, չարք և այլն, այն իր էությամբ ու գործելակերպով մարդուն թշնամի ուժի հետ նույնականացվող հասկացություն է, պատկերացում, ընկալում, շունչ, գոյ։

Յուրաքանչյուր հայ քրիստոնյա, աստվածաշնչյան արժեքների հետ առնչվող մարդ բնականաբար փորձում է ամեն կերպ խուսանավել սատանայի հետ հարաբերվելուց, իսկ թե կուլ է տվել նրա հետ հաղորդակցվելու խայծը՝ եկեղեցի գնալով ու հաղորդություն ընդունելով աշխատում է հրաժարվել նրանից ու նրա խաբեությունից, պատրանքներից, խորհուրդներից, չար կամքից ու զորությունից, փորձելով վերադառնալ Աստծո գիրկ:

Հարգելի գործընկերներ, սատանայաբացահայտման օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելիս առաջարկում ենք աչքաթող չանել հետևյալ հանգուցային գործոններն ու փաստերը՝

1․ ձեր փնտրած հայաստանյան սատանան ունի առավել քան կոնկրետ մարդու կերպարանք, սակայն չունի սիրտ ու հոգի՝ ինչը միանգամայն պատշաճում է նրա էությանն ու կոչվածությանը,

2․ աջ ու ահյակ շաղ է տալիս հիվանդություններ, որպեսզի, որքան հնարավոր է, շատ մարդկային կյանքեր խլի (Հայաստանում հայտնի համավարակից մահացել է արդեն 5500 մարդ։ Այս ցուցանիշով մեր երկիրը աշխարհի առաջատարների թվում է),

3․ կարող է լինել խռովության պարագլուխ՝ ցնորական գաղափարներով զինելով խելագարված ամբոխների (տես՝ երևանյան 2008-ի մարտի 1-ի, 2018-ի ապրիլ-մայիսյան դեպքերը),

4․ նա կեղծիքների թագավորն է ու խաբեբայի իր այս որակում մարդկությանը տանում է մոլորության ճանապարհով, հասարակությանը բաժանում է սևերի և սպիտակների, կենդանակերպերի, ստեղծում է ու շուրջը սփռում է քաոս, ստում է շռայլաբար՝ անմեղ գառան ժպիտի տակ քողարկելով յուր նողկալի էությունը, իր ստի մագիլներում մարդկանց դարձնում է կամակատարների անուղեղ կենսազանգված, հեռացնում է եկեղեցուց, հավատից, ազգային արժեքներից, հրճվում բերած ավերով,

5․ տանել չի կարողանում եկեղեցին, ատում է հոգևորականներին։ Վերջիններս հրաշալի են զգում նրա ներկայությունը, այնքան հրաշալի, որ դուրս են հանում եկեղեցուց՝ նրա պիղծ առկայությունից ազատելով զերծ պահել Աստծո տունը։ Սատանան խուսափում է եկեղեցական արարողություններից, իր հոգեզավակ սորոսաճտերին ընդդեմ է տրամադրում առ հոգևոր արժեքները, հովիվները, եկեղեցական բարձրաստիճան այրերը, կազմակերպում է հարձակումներ նրանց վրա,

6․ սիրում է այցելել գերեզմաններ, իր ներկայությամբ պղծել զոհվածների հիշատակը, ոտնակոխ անել շիրիմները,

7․ տենչում է արյուն, ինչը նրա բարձրագույն հաճույքի արտահայտությունն է (տես՝ 2008-ի մարտիմեկյան դեպքերին զոհ գնացած 10-ը հոգուն, Արցախյան վերջին պատերազմում արդեն 4000-ի սահմանագիծը հատած նահատակներին (սա դեռ ըստ պաշտոնական լրատվության) և ավելի քան 10000 խեղվածները),

8․ սրբություն չունի, նրա համար չկան, գոյություն չունեն ազգ, հայրենիք, պատիվ, խիղճ հասկացությունները։

Մեր կարծիքով վերոհիշյալ պարզաբանումներն իրենց ամբողջության մեջ լրիվ բավարար են ԱԱԾ մեր գործընկերների կողմից Հայաստան երկրում սատանային շատ արագ հայտնաբերելու և մեր հոգևոր տնից վռնդելու համար:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Please enter a valid URL