Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների:
«Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- համաձայն նախարարության պաշտոնական կայքի՝ հայտարարել է խոսնակը:
Նա ընդգծել է, որ Հնդկաստանը մշտապես կողմ է արտահայտվել երկկողմ վեճերի խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով: «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության հեռանկարում»,- նշել է խոսնակը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ: