Search
Close this search box.

Իշխանությունը կրակի հետ է խաղում․ ԱՄՆ նոր հյուպատոսություն Սյունիքո՞ւմ

Արցախյան վերջին պատերազմից հետո ակտիվ գործողությունների թատերաբեմը տեղափոխվել է Սյունիք։ Խոսքը  Հայաստանի սահմանային անվտանգության եւ ռազմական բախումների հնարավոր վտանգի մասին չէ միայն:

Ինչպես հայտնի է՝ մայիսի 12-ից ադրբեջանցիները Սյունիքի Իշխանասարի Սեւ լճի հատվածում մի քանի կիլոմետր առաջացել են, ներխուժել հայկական տարածք ու չեն նահանջում։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ նահանջի դիմաց պահանջում են Զանգեզուրի այդքան փափագած միջանցքը կամ այլ վիճարկելի տարածքներ Տավուշի, Արարատի մարզերում։

Սյունիքը ոչ միայն Ադրբեջանի համար է գայթակղիչ պատառ, այլեւ գերտերությունների հետաքրքրությունների շրջանակներում է։ Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի միջեւ տարածաշրջանում «բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման» պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»,- գրված է եռակողմ հայտարարության մեջ: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ ՀՀ իշխանությունների հավաստիացումներն իրականությանը մոտ են, եւ Զանգեզուրի միջանցքի հարց չկա օրակարգում, միեւնույն է՝ ապաշրջափակումն արդեն  բավարար է, որ Հարավային Կովկասում սկսվի տրանսֆորմացիոն նոր փուլ, եւ գերտերությունները փոխեն տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը։

Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը թեեւ պատերազմից հետո «ռուսական սապոգի» տակ տեղավորվելու ակտիվ ջանքեր է դրսեւորում, այդուհանդերձ, զուգահեռաբար, ԱՄՆ-ի, Արեւմուտքի հետ ստվերային համագործակցություն է ծավալում եւ հարմար պահի ռուսական ազդեցության տիրույթից անցում կկատարի դեպի արեւմտյան տիրույթ։ Այդ ձգտումն ավելի է մեծացել պատերազմից հետո։ 

Եվ ամենեւին պատահական չէր ապրիլի վերջին Սյունիք կատարած այցը, երբ միաժամանակ այնտեղ հայտնվեցին ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ նախագահ Արմեն Սարգսյանը, ե՛ւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սյունիքում նրանք քննարկել են Մեղրիի շրջանում ԱՄՆ մեծ հյուպատոսություն կառուցելու հարցը։ Այդ շփումները հնարավորինս գաղտնի են պահվել։ ԱՄՆ-ի նպատակն այն է, որ դիվանագիտական կորպուսի անվան տակ մի քանի հազարի հասնող ներկայություն ապահովի Սյունիքում, այդ թվում՝ ռազմական, դրանով հակակշիռ ստեղծի Հայաստանում ռուսական ներկայությանը եւ հետզհետե դուրս մղի նրան մեր տարածքից։ Այս քայլով մի քանի նապաստակ կխփեն՝ Իրանի հարցերն էլ կլուծեն։

Այդ առումով պատահական չէ, որ վերջին օրերին իրանական պետական լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Սյունիքում ստեղծված իրավիճակին՝ պնդելով, թե Զանգեզուրի միջանցքի նպատակը ոչ միայն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելն է, այլեւ Իրանին մեկուսացնելը։ Եվ կոշտ արտահայտվում են սահմանի հնարավոր փոփոխությունների դեմ։

Վտանգավորն այն է, որ ամերիկյան հյուպատոսության ծրագրի մասին տեղյակ է նաեւ ռուսական կողմը, որը կտրականապես դեմ է հյուպատոսություն կառուցելու գաղափարին, եթե չասենք՝ վրդովված է այդ հեռանկարից եւ պատրաստ է ամեն ինչ անել իր ազդեցության գոտին պահպանելու համար։ Եվ եթե տեսնեն, որ այդ ծրագրի դեմն առնել չի հաջողվում, հայաստանյան իշխանություններին պատժելու համար կարող են վճռական քայլերի գնալ՝ նոր պատերազմի, Սյունիքը հանձնելու տեսքով․․․
ԱՄՆ դեսպանատան մամուլի պատասխանատուից հետաքրքրվեցինք՝ կա՞ մտադրություն Սյունիքում հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ։ Նա պատասխանեց, որ իրեն հայտնի չէ նման տեղեկություն, իսկ ԱՄՆ պաշտոնյաները մեզ կպատասխանեն գրավոր հարցմամբ, պատասխանը ստանալուն պես կներկայացնենք ձեզ։

Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, մյուս համայնքապետերի պես, հանդիպում էր ունեցել ԱՄՆ դեսպանի հետ, ասաց, որ իրեն նման տեղեկություններ հայտնի չեն․ «Հանդիպմանը նման հարց չի քննարկվել»։ Իսկ նման մեծ շինության համար հողահատկացման կամ գնման ինֆորմացիա դեռեւս չկա՞։ «Ընթացակարգն այնպիսին է, որ նախ համայնքը պետք է որոշում կայացնի վաճառքի կամ հողատարածք տրամադրելու վերաբերյալ, իսկ եթե համաձայնություն չի տալիս, գործում է այլ ընթացակարգ՝ կառավարությունը կարող է որոշում ընդունել»։ Հնարավո՞ր է կառավարությունը միանգամից նման որոշում կայացնի․ դրական պատասխան տվեց։ 

Արմեն Սարգսյանի հետ Սյունիք այցելած ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ Արմեն Սարգսյանը տեղյա՞կ է նման թեմայի քննարկումից։ «Նախագահը Սյունիքում միայն ներքին հարցեր է քննարկել, համենայնդեպս, եթե դա տեղի չի ունեցել գիշերվա երկուսից մինչեւ լուսադեմի յոթը, երբ նախագահն առանձին քնել է իր սենյակում, իմ ներկայությամբ նման քննարկում չի եղել։ 3 օրերի ընթացքում ես մշտապես ուղեկցել եմ իրեն, եւ բացարձակապես նման հարց չի քննարկվել»։ «Որպեսզի ՀՀ-ն իր որեւէ գործընկերոջ հետ կարողանա նման որոշում կայացնել, պետք է ունենա ինքնիշխանություն։ Իսկ ինքնիշխան պետության առաջին գործն իր սահմանները պաշտպանելն է։ Ես ուրախ կլինեի, որ իշխանությունը գնար եւ վերականգներ ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության հետ եղած սահմանները Սյունիքում, երբ այդ սահմանը վերականգնեն, նոր կարող են մտածել այլ պետության ներկայացուցչության մասին․․․ Ինչ վերաբերում է բուն գաղափարին, ապա եթե այդ նույն կետում, դիցուք՝ Մեղրիում տեղակայվելու են ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ, ինչու ոչ, նաեւ Իրանի հյուպատոսությունները, այլ երկրների, ապա միգուցե դա ընդունելի գաղափար է՝ այն մոտեցմամբ, որ, օրինակ, ԱՄՆ-ում, Վաշինգտոնում կան դեսպանատներ, եւ մեծ մասում կան հյուպատոսություններ։ Բայց եթե ընտրովի է լինելու՝ միայն մեկ երկրի, եւ դա բերելու է առճակատումների, տարածաշրջանային գեոբախումների դաշտ է դարձնելու Հայաստանը, ապա դա ընդունելի չէ»,- եզրափակեց Պողոսյանը։

hraparak.am

Please enter a valid URL