ՀՀ ԱԳՆ-ում փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանն այսօր հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտակ Ապիտոնյանն օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
«ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ նշված սադրիչ գործողությունները շարունակությունն են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության, որը զուգակցվում է մայիսի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններով, որոնք անց են կացվում առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ապիտոնյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։ ՀՀ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը: «Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության»,- հավելել է ԱԳ նախարարի տեղակալը։