Արցախյան վերջին պատերզամում զոհված Միշա Գրիգորյանի մայրը գրում է.
Բարև Մի’շս։
Բալես, որոշեցի քեզ նամակ գրեմ։
Գիտե՞ս քեզ շատ եմ կարոտել։ Գիտե՞ս ամեն օր համբուրում եմ նկարներդ ու սպասում եմ, որ հիմա կզանգես, վերջապես այդ սպասված ու արդեն 7 ամսից ավել տևացող լռությունից հետո կզանգես։ Գիտե՞ս մեկ-մեկ ինձ թվում է, որ հիմա տուն կմտնես, հեսա կգաս ու կգրկես ինձ, որ հիմա կզգամ շունչդ, ջերմությունդ, որ շուտով կտեսնեմ քեզ ու կզրուցենք մեր մշտական թեմաներից։
ՄԻՇԱՍ գիտե՞ս այստեղ շատ բան է փոխվել ու ահագին բաներ էլ մնացել են նույնը։
Օրինակ, Գոռը օրեցoր նոր բաներ է սովորում, մանկապարտեզ է գնում, շատ գոհ են իրենից, ասում են, որ շատ ակտիվ է, մասնակցում է նույնիսկ մեծերի պարապմունքներին։ Ասում են, ամեն ինչ շատ արագ է ընկալում, երեխաների հետ շատ հաշտ ու ընկերական է։ Երգում է, պարում, հա’ նույնիսկ նկարում է։ Այսօր Ընկեր Հերմինեն նկարը ցույց տվեց, շատ զարմացա, որ 3,6 տարեկան երեխան կարողացել է նկարել ու միայն արևի շողերը նկարելու ժամանակ է օգնել դաստիարակը։ Կուղարկեմ դու էլ կտեսնես, շատ սիրուն է։
Ամբողջ օրը ռուսերեն է խոսում, սկսել է նաև անգլերեն բառեր ասել։ Անգամ մեկ- մեկ կատակում եմ, որ ռուսերենից գլուխ եմ հանում, բայց անգլերենից չեմ կարող, գոնե միայն ռուսերեն խոսի։
Քույրդ էլ սովորականի նման, իր դասերով է զբաղված։ Փորձում է ինձ սփոփել, խոսում է, կատակներ է անում, որ ցրվեմ, օգնում է ինչպես միշտ ու միշտ կողքիս է լինում։ Ես ու քույրդ շատ ենք հիշում քեզ հետ կապված դեպքերը, միասին արված կատակները, խաղերը։ Հիշու՞մ ես, քրոջդ նկարած ” Կարմիր գլխարկը “, ինչքան ծիծաղեցինք վրան, այնքան ծիծաղեցինք ջղայնացավ գցեց վառարանը, այսօր էլ եմ հիշել դրա մասին ու էլի ծիծաղել։ Բայց մեր արածն էլ ճիշտ բան չէր հա։
Հիմա էլ պատմեմ “մարդկանցից” ովքեր առիթը բաց չթողեցին ու ներխուժեցին, բայց դե գիտես, որ երկար ժամանակ չէին կարող դիմակներով մնային, արագ բացվեցին ու մնացին իրենց ոճի մեջ։
Լավ անցնեմ չփոխվող բաներին։ Հիշու՞մ ես ամեն զանգելով հարցնում էիր, Զանգին ո՞նց ա, ասեմ, որ Զանգին լավա, կատուն էլ լավ է ու էլի գառնուկներ ունենք։
Հայրդ էլ է նույնը, ոչինչ չի փոխվել, ամեն բան նույնն է մնացել իր մոտ։
Դե ես էլ…. ի՞նչ ասեմ, նեղացել եմ քեզնից, որ խոստացար շատ բաներ, բայց չկատարեցիր։ Խոստացար, որ կզանգես, բա ու՞ր է ՄԻՇԱՍ, ու՞ր է խոստացածդ զանգը, չի գալիս, չի հասնում տեղ, չկաաաա։ Ընկերներդ եկան արձակուրդ գնացին, բա դու ինչի՞ չեկար, ախր ուզում էիր գաս, ուզում էիր անակնկալ անես ու գաս, չեկաաար։
Նեղացել եմ նաև Աստծուց, ի՞նչ անեմ ախր ո՞նց չնեղանամ, չէ՞ որ ինքն իմ ամենաթանկին տարավ, իմ առաջնեկին ու ամենայնիս տարավ։
Ախր Միշս, չէիր կարո՞ղ հիշեիր իմ մասին, տվածդ խոստումների մասին ու առաջ չնկնեիր, մի քիչ էլ քո մասին ու իմ մասին մտածեիր։
Էէհ տղես, մեկ-մեկ ասում եմ գլուխ կպահեիր, կթաքնվեիր, այսօր կողքիս կլինեիր, բայց հետո էլ մտածում եմ, որ դու’, քո նման Տղեն, չէր կարող չհելներ թշնամու դեմ ու չէր կարող իր կյանքի գնով չփրկեր ընկերոջ կյանքը։
Միայն խնդրում եմ ների’ր ինձ տղես, ների’ր ամեն ինչի համար, ների’ր թե մի օր խելագարվեմ.…..
Քեզ անչափ շատ կարոտած ու հուսահատ մայրիկ……