Այսօր՝ մայիսի 16-ին, Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում իր ելույթի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչ էր նշանակում առաջիկա ընտրություններին ՀՀ երեք նախագահների «Ազգային համաձայնության դաշինք»-ով մասնակցելու առաջարկը, մի պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նա ունեցել է, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական հարաբերություններ:
«Նկատած կլինեք, որ սա վերջին շրջանում Հայաստանում ամենաշատ քննարկված հարցն է: Հրապարակ են նետվել հազարումի անհեթեթ մեկնաբանություններ, դավադրապաշտական տեսություններ եւ բարոյականության տեսակետից արտահայտված տարակուսանքներ: Սակայն, ըստ էության, քչերին է հաջողվել ըմբռնել այդ առաջարկի քաղաքական բովանդակությունը: Եւ դա նույնիսկ այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված իմ առաջարկի հրապարակված տեքստերում ես տվել եմ նաեւ այդ հանելուկի բանալին: Այն է՝ մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, մյուս կողմից՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր ՀՀ երեք նախագահների կողմից պետական որեւէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով»,- ասաց նա:
Իսկ թե այդ դեպքում ո՞վ էր զբաղեցնելու վարչապետի պաշտոնը հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․
«Իմ կարծիքով, անհրաժեշտ էր ձեւավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն՝ լուրջ փորձառությամբ եւ կառավարչական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ»։
Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ առանց քննարկման, կտրականապես մերժեց առաջարկը։
«Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Սերժ Սարգսյանի պարագան այլ է՝ նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում եւ, մասնակցելով ընտրություններին, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ եւ հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում: Սա, թեեւ մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որեւէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ»,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա նաև ասաց, որ ազգային համաձայնության դաշինքները կամ կառավարությունները, որպես կանոն, աշխարհի բազմաթիվ երկրներում ձեւավորվում են հենց այն ուժերի միջեւ, որոնք լրջագույն հակասություններ են ունեցել իրար հետ եւ նույնիսկ միմյանց դեմ մարտնչել քաղաքացիական պատերազմներում:
«Եթե այս հանգամանքը չլիներ, Ազգային համաձայնության կառավարությունների կամ դաշինքների ձեւավորման կարիք չէր լինի: Նման կարիք առաջանում է այն պայմաններում, երբ հակամարտող ուժերը գիտակցում են, որ երկիրը հայտնվել է կործանման եզրին եւ հանուն պետականության, նրանք նույնիսկ դիմում են արտակարգ քայլերի: Ազգային համաձայնության կառավարությունների առաջին գործը շատ դեպքերում լինում է ընդհանուր համաներման հայտարարումը, ինչի իմաստն այն է, որ գիծ է քաշվում անցյալի ու ներկայի միջեւ՝ դրանով ազդարարելով պետության կայունացման եւ զարգացման նոր հանգրվանի սկիզբը:
Գուցե զարմանալի թվա, եթե ասեմ, որ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման ավանդույթը կիրառվել է նաեւ Հայաստանում: Իրականում այդպիսին էին Հայաստանի Հանրապետության՝ Վազգեն Մանուկյանի, Գագիկ Հարությունյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի գլխավորած կառավարությունները, որոնց անդամների մեծագույն մասը կոմունիստներ էին, նախկին պետական պաշտոնյաներ: Խորհրդային կոմունիստական իշխանությունների եւ Ղարաբաղյան ու Հայոց համազգային շարժման հակասություններն ու հակամարտությունները շատ ավելի դաժան էին, քան ՀՀ երեք նախագահների միջեւ: Ի տարբերություն ետխորհրդային մի շարք այլ երկրների, որոնցում կոմունիստական նախկին իշխանությունների նկատմամբ վենդետա կիրառվեց, Հայաստանում դա տեղի չունեցավ: Ինչը եւ ապահովեց Հայաստանում լուրջ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման, երկրի կայունացման եւ Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակի հիմքը»,- նշեց նա: