Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե բանակցություններն արդյունք չտան, ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից. Արմեն Խաչատրյան

Ներկայումս բանակցային գործընթացը շարունակվում է, հուսով ենք, որ այն կավարտվի հայկական կողմի պահանջի անխտիր կատարմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սև լճի շուրջ ընթացող բանակցություններին։

Նրա խոսքով, հայկական կողմից այս պահին բանակցում են ԳՇ պետի տեղակալը, կորպուսի հրամանատարներ և ներկայացուցիչներ ռուսական կողմից եւ ադրբեջանական կողմից:

Նա բացառեց հնարավոր դիրքային փոխզիջումային տարբերակը՝ նշելով, որ բանակցությունները միայն Սև լճի վերաբերյալ չեն ընթանում, այլ այն վայրերի, որտեղ ադրբեջանական զինուժը մուտք են գործել։ «Ամբողջ բանակցությունները վերաբերում են այդ գործընթացներին, և հուսով ենք, որ ադրբեջանական կողմն անհապաղ կկատարի հայկական կողմի պահանջները»,– ասաց նա՝ չցանկացավ պատասխանել հարցին, թե այդ տարածքում ինչու հենակետեր չկային տեղակայված։

Անդրադառնալով հնարավոր չեզոք գոտիներ սաhմանելու հավանականությանը՝ նա Խաչատրյանը ասաց․ «Ընդհանրապես չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է հակամարտող կողմերի միջև հրադադար պահպանելու համար, բայց չեզոք գոտին չպետք է լինի միայն ՀՀ հողերի հաշվին, դա միանշանակ ընդունելի չէ։ Եթե ստեղծվի չեզոք գոտի, դա պետք է իրականացվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին»։

Ինչ վերաբերում է սահմանները պատշաճ կահավորելու հարցի, Արմեն Խաչատրյանն ասաց. «Իհարկե չենք կարգավորել, դուք պատկերացնո՞ւմ եք այս ծավալի սահմա ձմեռային պայմաններում այն կահավորել, դուք հասկանո՞ւմ եք դա ինչ է։ Եթե բանակցային գործընթացն արդյունք չտվեց, մեր պատկան մարմինները այլ միջոցառումներ ստիպված կլինեն իրականացնել, նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակում հարկադիր ուժի կիրառմամբ ադրբեջանական զորախումբը պետք է վռնդվի ՀՀ տարածքից»։

Պատգամավորը հավելեց, որ այս պահին ադրբեջանցիները պատճառաբանում են, թե ճշգրտելու խնդիրներ ունեն, ինչից հետո հնարավոր է՝ բավարարեն հայկական կողմի պահանջները։

Please enter a valid URL