Սյունիքում ստեղծված իրավիճակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը:
Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից:
Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի: Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: