Search
Close this search box.

Թիկնապահի սպանության գործով խուզարկել են Դոն Պիպոյի և ևս 13 անձի բնակարաններ․ մանրամասներ

Այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի «Դոն Պիպո» եւ եւս 13 անձի բնակարաններում: Այս մասին Հայկական ժամանակ-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:

Խուզարկությունը կատարվել է Ասատրյանի թիկնապահի սպանության գործի շրջանակներում:

Արթուր Ասատրյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ասատրյանի բնակարանում խուզարկություն կատարվել է, սակայն նա որեւէ դատավարական կարգավիճակ չունի. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել եւ, բնականաբար, չէր էլ հայտնաբերվի»:

Պաշտպանը նշեց, որ Ասատրյանն այս գործով չի հարցաքննվել: Իսկ թե իրավապահներն ինչ էին փնտրում բնակարանում, Վասակյանն ասաց. «Խուզարկության կարգն այսպես է՝ փնտրում են ապօրինի իրեր, փաստաթղթեր, զենք-զինամթերք: Հիմնականում զենք են փնտրել եւ չեն գտել, բնականաբար»: Նրա խոսքով՝ դեռեւս չեն մտածել՝ դատարանի խուզարկության թույլտվության որոշումը բողոքարկե՞լ, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը մայիսի 4-ին հայտնել էր, որ բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է եւս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ և դիմել փախուստի։

Please enter a valid URL