Մի ժամանակ էլ շատերը չէին պատկերացնում, թե իրատեսական է ազատագրել այդքան տարածքներ, ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է: Այս մասին այսօր`մայիսի 8-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով Շուշին կրկին ազատագրելու հավանականության մասին:
«Դա գալիս է մեր երկրի, մեր ժողովրդի կազմակերպվածությունից, մեր բանակի հզորացումից: Ամեն ինչից անկախ մենք պետք է այսօր թիկունք լինենք մեր բանակին, հատկապես երկրապահները, մեր բանակը վերականգնվի, իսկ մնացածը հետագայի խնդիր է, որ ոչ մեկ չպիտի հուսահատվի, որ Շուշին չենք ազատագրել:
Հարցին, թե պատերազմից հետո շատ շահարկումներ եղան Շուշիի հետ կապված, որ իրականում մենք կարող էինք պայքարել եւ չհանձնել Շուշին, եւ որն է իրականությունը այստեղ, Սասուն Միքայելյանն ասաց, որ այս պատերազմը ուրիշ բնույթ ուներ եւ հստակ դիրքորոշում այս հարցին պետք է տան իրավապահ մարմինները. «Որ կարողանանք հասկանալ՝ ինչ է կատարվել, լուսաբանեն, որպեսզի ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվել: Ես չեմ ուզում հիմա դրանց մեջ մտնել, ոչ էլ կարող եմ պատասխան տալ»:
Ընդդիմադիր ուժերի այն մեղադրանքներին, թե այս իշխանությունն է հողերը տվել, թրքասեր են, հողատու են և նման այլ որակումներին ԵԿՄ նախագահն արձագանքեց՝ չի ուզում այսօր քաղաքականության մեջ մտել:
«Չեմ ուզում քաղաքականության, այս խաղերի մեջ մտնել, չեմ էլ պատասխանի այդ հարցին, բայց թռուցիկ կերպով կասեմ, որ բնական է, իրավիճակ է ստեղծվել, որ նման բաներ պետք է ասեն: Մեր դժբախտությունը հենց դրա մեջ է, որ մենք պետք է համախմբվենք, կողմնորոշվենք, հասկանանք՝ ով է հող տվել, ով չի տվել: Չի կարելի, ազգը բաժանվել է տարբեր մասերի, կեսը կեսին դավաճան ասում, որոշ մարդիկ էլ ասում են՝ սաղ փախան, գիտեք, ես ամեն ինչ տեսել եմ այնտեղ, բայց իրավունք չունեմ խոսելու, որովհետև քննություն է գնում, ու ես ինձ իրավունք չեմ վերապահում հայտարարություններ անել, քանի ամեն ինչ չի պարզվել, արդարությունը միշտ պիտի հաղթի: Եթե դա չարվի, մենք չենք կարող համախմբվել, որ ժողովուրդը հասկանա` ինչ է կատարվել»,-ասաց նա: