Ռուսաստանը վստահ է, որ մոտ ապագայում կստացվի լուծել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Այս մասին հայտարարել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ շարունակում է հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահված անձանց վերադարձի գործընթացի օգտին։
«Հասկանում ենք այս քայլի խորհրդանշական, զգացմունքային նշանակությունը և վստահ ենք, որ առաջիկայում կկարողանանք լուծել այդ խնդիրը։ Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի մյուս բոլոր հարցերում վերջնական կարգավորումն առաջ մղելու համար։ Մենք ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևաչափերում և իհարկե ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որպեսզի առավելագույն դրական մթնոլորտ ստեղծվի մնացած բոլոր հարցերի լուծման համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։