Search
Close this search box.

Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի պահվող անձանց. Արա Այվազյանը՝ Լավրովին

Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով պահվող անձանց: Այս մասին ասել է Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ:
Ստորեւ ներկայացնում ենք Արա Այվազյանի խոսքը. «Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Սիրելի բարեկամներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում:

Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները:

Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն:

Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման:

Ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլոտրում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար: Մենք շահագրգռված ենք խթանել երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը:

Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը:

Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը: Ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

Համոզված եմ, որ այսօր մենք կարծիքներ կփոխանակենք հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ:

Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում:

Կարծիքներ կփոխանակենք նաև բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների ձևաչափով համագործակցության շուրջ: Լինելով միջպետական համագործակցության կարևոր ոլորտ՝ այն նաև լրացուցիչ հնարավորություններ և առավելություններ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար:

Ինչպես տեսնում եք, թեմատիկան բավականին լայն է և առարկայական:

Այնպես որ, ևս մեկ անգամ բարի գալուստ»,- իր ելույթում նշել է Այվազյանը:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով:

Այսօր նախատեսված է նրա հանդիպումը նաև Նիկոլ Փաշինյանի հետ:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:

Please enter a valid URL