Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Նախարարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նա նաև ջրել է իր անվամբ եղևնին, որը տնկել է 2007 թվականին։
Հիշեցնենք` Լավրովը վերջին անգամ Ծիծեռնակաբերդ էր այցելել 2019 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ հայաստանյան նախորդ այցը 2020-ի նոյեմբերի 21-ին էր։
ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Այսօր նախատեսվում է նրա հանդիպումն իր հայ գործընկերոջ հետ։ Համատեղ փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։
Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։