Search
Close this search box.

Երեք տարի առաջ այս օրը մորս ու հղի քրոջս ներկայությամբ ինձ անվանարկում էին, վիրավորում. Արփինե Հովհաննիսյան

Այսօր մայիսի 2-ն է, իմ քաղաքական հասունացման շրջափուլում կարևորագույն օրերից մեկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Անկեղծություն- մաս 2

Այսօր մայիսի 2-ն է, իմ քաղաքական հասունացման շրջափուլում կարևորագույն օրերից մեկը:

Երեք տարի առաջ` մայիսի 1-ին, ազգակործան պատուհասի ընտրության օրն էր Ազգային ժողովում ու եթե դուք գիտեք` ինչ էր կատարվում փողոցներում, ապա ես գիտեմ` ինչ էր կատարվում ԱԺ նիստերի դահլիճում: Իմ հետ ճանապարհ անցած մարդիկ, գործընկերներ, ինձ թվացյալ լավ վերաբերվող մարդիկ արյունոտ ու ատելությամբ լեցուն աչքերով ու հայացքով նայում էին ինձ, դա այն դեպքում, երբ նորմալ սովորական մարդկային հարաբերություններ ունեինք նրանց հետ, իրենց որևէ վնաս չէի տվել:

Դահլիճում իշխում էր ատելությունը, թևածում աղետի ուրվականը, սփռված էր չարություն ու դառնություն: Երբեմնի գործընկերներս հրապարակային բղավում էին ինձ վրա, երբ ես ուղղակի կոչ էի անում կարգ պահպանել:

Այդ օրն առաջին անգամ չընտրեցի պատերազմ բերողին: Ու երեք տարի առաջ այս օրը` նա պատերազմն ուղարկեց մեր տուն` մորս ու հղի քրոջս ներկայությամբ ինձ անվանարկում էին, վիրավորում: Ծայրահեղ բարդ էր դեմ գնալ մարդկանց կամքին, հատկապես որ ի տարբերություն փողոցային պատուհասի, նրանք ընդամենը արդարություն ու լավ կյանք էին որոնում: Հատկապես որ շատերի ասածների մեջ կար տրամաբանություն ու ապրած բարդություններ: Բայց ես դեմ գնացի ոչ թե մարդկանց, այլ անհամաձայնությունս արտահայտեցի նրանց խաբող ու մոլորեցնողին: Ու հասունացա: Այդ հասունությունը ինձ տվեց ընկերներ, տվեց անցած ուղի, որով հպարտանալ չեն կարող տասնյակ տարիներ քաղաքական դաշտում գտնվողները, գուցե դա մյուսների թերությունը չէ, բայց իմ առավելությունն է: Քաղաքականության մեջ գնահատեցի սկզբունքայնությունը, սովորեցի տարանջատել փուչիկ քաղաքական գործիչներին իրականներից, տեսա նիկոլի բերած քաղաքական աղանդավորության ու քաղաքական կռապաշտության ծաղկումը, թեև այդ արատը համատարած է:

Հետևություններ արեցի… շատ կուզենայի, որ քաղաքացիները կարողանան տեսնել ու գնահատել այն առաջնորդներին, ովքեր ունակ են ազնիվ լինել, ունակ են գնահատել այլ ոչ օգտագործել իրենց թիմակիցներին, ունակ են բաց կերպով խոսել իրենց սխալների մասին ու դա չհամարել թուլություն: Շատ դասեր եմ քաղել այս ամենից, բայց ամենակարևորը` կուռքեր ու ֆետիշներ չունենալ, կարողանալ ԱՆՀԱՄԱՁԱՅՆ լինել ու դա արտահայտել` ինչ էլ դա քեզ համար արժենա»:

Please enter a valid URL