Search
Close this search box.

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Մեջբերումներ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցից`

«(…) անիծյալ թշնամին այս հողերում ամեն ինչ, բոլոր շենքերը ավերել է։ Հայկական բարբարոսությունը (…) չտեսնված բարբարոսություն է։

Համաշխարհային պատմության մեջ շատ պատերազմներ են եղել, բայց այս աստիճան դաժանություն, թշնամանք, ըստ իս, համաշխարհային պատերազմների պատմության մեջ չի եղել։

Նույնիսկ եթե համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, այն ժամանակ այսպիսի վայրագություն չէր կատարվում, կրոնական հուշարձանները չէին ավերվում։ Այս ամենը մենք շատ լավ գիտենք։ Հայկական ֆաշիզմը բոլոր երկրներում եղած ֆաշիզմի տեսակներից ամենազզվելի, ամենադաժան ֆաշիզմն է։

Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, և այն ոչնչացնողը եղել է Ադրբեջանի ժողովուրդը։

Այսօր երբ Հայաստանում գլուխ են բարձրացնում որոշ ռևանշիստ ուժեր, պետք է իմանան, որ ցանկացած պահի, երբ պետք լինի իրենց գլուխը ճզմվելու է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի։

Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը իր բանակը կրկին բերի-հասցնի այնպիսի վիճակի, որ վերջինս մեր համար որևէ սպառնալիք ներկայացնի։ Եթե մենք հնարավոր սպառնալիք նկատենք, դարձյալ ոչնչացնելու ենք։

Մենք բնականաբար երբեք չենք մոռանալու հայկական բարբարոսությունը։

Ռազմական ավարի պուրակը, որն այսօր Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել, մի հիմնական նպատակ ունի՝ Ադրբեջանի ժողովուրդը հայկական բարբարոսությունը երբեք չպետք է մոռանա։ Մենք դա երբեք չպետք է մոռանանք։ Մենք դա երբեք չենք մոռանալու։ Սա թող բոլորն իմանան»։

—————

Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազույցով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդը բարբարոս են, ֆաշիստներ են, զզվելի են ու վայրագություններ կատարող են: Սա այն հարցազրույցն է, որով նա Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով:

Փոխարենը՝ նա իր ելույթներում մշտապես համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման: Այս գիծը հատկապես ուժգնացել է վերջերս:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը:

Ակնհայտ է, որ խոսքը պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն մասին է Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ:

Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը:

Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը:

Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականություն չեն վարել ու չի վարում:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան»։

Please enter a valid URL