Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, ապրիլի 29-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան:
Կազանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:
Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Միխայիլ Միշուստինը նշել է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ ձեզ տեսնել Ռուսաստանի Դաշնությունում՝ Թաթարստանում, Կազան քաղաքում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Նախևառաջ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի ամենաջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները։ Ցանկանում եմ ասել, որ մեզ համար թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները։ Դրանք երկարամյա դաշնակցային, ռազմավարական բնույթ են կրում, և հաջորդ տարի կնշենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները համատեղ աշխատանքի մեծ հնարավորություններ բացեցին։ Դա, առաջին հերթին, բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ձևավորումը։ Այս ամենը պայմաններ կստեղծի Հարավկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար։
Ռուսաստանն աջակցում է, մենք մասշտաբային հումանիտար օժանդակություն ենք տրամադրում, և Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով պայմաններ են ստեղծվում փախստականների՝ իրենց բնակության մշտական վայրեր վերադարձի և հաջորդիվ՝ ենթակառուցվածքների վերականգնման համար։
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկերը։ Մեր համատեղ ձեռնարկություններն իրագործում են խոշոր տնտեսական նախագծեր։ Իհարկե, ցավոք, կորոնավիրուսն ազդեց երկկողմ առևտրի դինամիկայի վրա։ Նախորդ տարի մեր համատեղ ապրանքաշրջանառությունը նվազեց մոտավորապես 10 տոկոսով և կազմեց շուրջ 2 մլրդ 300 մլն դոլար։ Իհարկե, մեզ նման իրավիճակը ձեռնտու չէ։ Առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին, մեր կողմից Ձեզ քաջածանոթ Ալեքսեյ Օվերչուկին՝ նախապատրաստել նոր նախաձեռնություններ Հայաստանի հետ առևտրաշրջանառության և փոխադարձ ներդրումների ծավալն ավելացնելու համար։
Մենք նաև ակտիվ համատեղ աշխատում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ։ Հայկական կողմին ենք փոխանցել T-համակարգերը, ռեագենտները, ընթանում է ռուսաստանյան Սպուտնիկ –V պատվաստանյութի տրամադրումը։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել, որ Հայաստանն ակտիվորեն կիրառում է Զարգացման եվրասիական բանկի կողմից մշակված «Ճամփորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը՝ Ռուսաստան քաղաքացիների այցերի համար։ Դա շատ լավ միտում է։ Մենք դյուրացնում ենք մեր քաղաքացիների փոխադարձ տեղաշարժի բոլոր ընթացակարգերը։
Ակտիվ համագործակցում ենք նաև ԵԱՏՄ-ում։ Բոլոր չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հարցերը, այսօր մեր օրակարգում են։ Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրման խորացումը համապատասխանում է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիների, ձեռնարկատերերի շահերին։
Հարգելի Նիկոլ Վովայի,
Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել ակտուալ թեմաները, այդ թվում նաև մեր երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերը»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Հարգելի Ռուստամ Նուրգալիևի,
Հարգելի գործընկերներ,
Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ Թաթարստանում, և բոլորս գիտենք, որ սա Ռուսաստանի նշանակալի և զարգացած տարածաշրջաններից է։ Հուսով եմ և վստահ եմ, որ մեր բանակցությունների, այսօրվա հանդիպման և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում արդյունավետ քննարկումներ ու որոշումներ կունենանք։
Իհարկե, ինչպես Դուք արդեն ասացիք, մեր երկկողմ հարաբերությունները համաչափ ու բավական ակտիվ զարգանում են։ Պետք է նշեմ, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական հարաբերությունները խորանում են, և դա լավ գործոն է նաև մեր տարածաշրջանի կայունության համար։
Ցանկանում եմ հատուկ ընդգծել այն դերը, որ Ռուսաստանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ունեցան Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու հարցում։ Արդյունավետ եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։
Ցանկանում եմ նաև առանձնացնել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մենք կառուցողական ենք տրամադրված այս հարցում, բայց ցանկանում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը։ Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին։ Եվ ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը այն ջանքերի համար, որոնք ներդրվում են այս հարցը լուծելու համար։
Բայց պետք է նշեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը, քանի որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է փոխել ողջ տնտեսական իրավիճակը մեր տարածաշրջանում և ամրապնդել տնտեսական կապերն ու ինտեգրումը Ռուսաստանի ու Հայաստանի միջև։ Այս կապակցությամբ ցանկանում եմ նշել այն կարևոր ու կառուցողական դերը, որն ունի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում այդ աշխատանքը, և հուսով եմ, որ այն կոնկրետ արդյունքների կբերի։ Բոլորին հասկանալի է, որ դա կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև մեր տարածաշրջանի համար առավել լայն իմաստով, քանի որ խոսք է գնում Պարսից ծոցի և Սև ծովի, Պարսից ծոցի և Ռուսաստանի Դաշնության միջև կապերի վերականգնման մասին։ Դա իսկապես կարող է դառնալ հզոր տնտեսական գործոն Եվրասիական տնտեսական միության զարգացման համար։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ մենք կառուցողական ենք տրամադրված և հուսով եմ, որ ներկայում ընթացող աշխատանքը կոնկրետ արդյունք կունենա, որոնք կայունություն, խաղաղություն ու բարեկեցություն կբերեն մեր ողջ տարածաշրջանի համար»։
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերին։ Շոշափվել է հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքը։
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության զարգացման միտումներին, առևտրաշրջանառության աշխուժացմանը։ Այս համատեքստում խոսվել է առողջապահության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և փոխշահավետ այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին։
Կողմերը փոխանակվել են տեղեկատվությամբ կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերի և տնտեսության վերականգնման տեմպերի վերաբերյալ։ Արծարծվել է ռուսաստանյան պատվաստանյութի նոր խմբաքանակների ձեռքբերման հարցը։ Անդրադարձ է կատարվել զբոսաշրջային հոսքերի ավելացման ուղղությամբ հնարավոր գործողություններին։