Search
Close this search box.

14 մենամարտ, բոլորը` հաղթանակով, ընդ որում՝ 8-ը նոկաուտով. «Արդյունքի հասնելու գրավականը քրտնաջան աշխատանքն է». Արման Սարգսյան

Անշուշտ, շատերն են հիշում, թե ինչպես ամիսներ առաջ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը մենամարտում հաղթանակ տարավ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի նկատմամբ։ Մենամարտը տեղի էր ունեցել Լաս Վեգասում Premier Boxing Champions-ի շրջանակում։

Հարկ է նշել, որ Մատիասն իր նախորդ 15 մենամարտերում հաղթել էր նոկաուտով, և ոչ բոլորն էին համաձայնվում մենամարտել նրա հետ, իսկ Անանյանն այսօր Մոսկվայի ԲԿՄԱ-ի բռնցքամարտի դպրոցի սան է, Ռուսաստանի սպորտի վարպետ:
Յուրաքանչյուր մարզիկ կփաստի, որ տքնաջան աշխատանքից բացի՝ հաջողության հասնելու համար շատ կարևոր է գրագետ մարզիչ ունենալը: Պետրոս Անանյանի մարզիչը բռնցքամարտիկ Արման Սարգսյանն է:

Պետրոս Անանյանը նշում է, որ մեծապես հաջողված է համարում իր և Արման Սարգսյանի համագործակցությունը: Նրա խոսքով՝ իր ու մարզչի գաղափարները շատ հարցերում են համընկնում, ամենակարևորը՝ իրենք պարապում են հաղթանակի հասնելու համար:
Արման Սարգսյանն էլ ասում է, որ հավատում է իր սանի հաջողություններին՝ այդպիսով մեծացնելով նրա վստահությունը դեպի հաղթանակ:
Սարգսյանը 2013 թվականից իր գործունեությունը ծավալում է որպես մարզիչ, այսօր նա ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, որտեղ բազմաթիվ ծրագրեր ունի: ՛՛Ցանկանում եմ համախմբել տեղի հայերին և մեծ ակումբ ունենալ՛՛,-նշում է Արման Սարգսյանը:
Մարզչի ապագայի ծրագրերը կապված են բռնցքամարտում նորանոր հաջողություններ գրանցելու հետ: Այսօր Արման Սարգսյանն իր սաներին է հասցնում հաջողության, մինչդեռ ինքը ևս ունի բազմաթիվ հաջողություններ:

Այսպես՝ 1998-ին նա դարձել է ՀՀ փոխչեմպիոն, 2002-2003-ին, մասնակցելով միջազգային մրցույթների, դարձել է սպորտի վարպետ: Հենց 2003-ից էլ Արմանը զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով:
2006-2008-ին նա դարձել է ՌԴ և ԱՊՀ սլավոնական երկրների չեմպիոն, իսկ նույն 2008-ին բռնցքամարտի աշխարհի լիգա (WBL) վարկանիշով ներառվել է աշխարհի ուժեղագույն
բռնցքամարտիկների ցանկում։

Սարգսյանն ունեցել է ընդհանուր 14 մենամարտ, բոլորը` հաղթանակով, ընդ որում՝ 8-ը նոկաուտով։
Լաս Վեգասում 2010-ին նա անցկացրել է իր վերջին մենամարտը՝ այդպիսով դադարեցնելով մարզիկի կարիերան և 2013-ից զբաղվելով բացառապես մարզչական գործունեությամբ:
Խոսելով իր սանի՝ Պետրոս Անանյանի հաղթանակին, մարզիչն ասում է, որ պատրաստվել են մեծ հավատով՝ առ հաղթանակ. ՛՛Հպարտանում ենք, որ քրտնաջան աշխատանքից հետո զգալի արդյունք է լինում՛՛:

Ի դեպ՝ Արման Սարգսյանը 2019-ին է Պետրոս Անանյանի հետ գործուղվել ԱՄՆ՝ որպես մարզիչ, իսկ մինչ այդ՝ դեռ 2017-ին, նա Ռուսաստանում հիմնել է բռնցքամարտի դպրոց՝ Արման Սարգսյանի անվան դպրոցը, որն այսօր էլ հաջողությամբ գործում է: Մարզչի խոսքով՝ այնտեղ սովորում է մոտ 120 երեխա, իսկ պարապում են Արմանի ընկերները, որոնց հետ նա հիմնել է դպրոցը:
Մարզիչը սկսնակ բռնցքամարտիկներին խորհուրդ է տալիս երբեք հույսը չկորցնել և միշտ առաջ նայել՝ նշելով, որ արդյունքի հասնելու գրավականը քրտնաջան աշխատանքն է:

Հովհաննես Գրիգորյան

Please enter a valid URL