Search
Close this search box.

«Սոսիների պուրակ»-ի 64 հեկտարը Սյունիքում է, շարունակությունը՝ 110 հեկտար, Քաշաթաղի հատվածում էր, որը հանձնվեց թշնամուն․ Շիկահողի վարչական ղեկավար

«Սոսիների պուրակ»-ի 64 հեկտար հողատարածքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Ներքին Հանդ գյուղի հատվածում, տարածված է Շիկահող և Ծավ գետերի երկայնքով։ Պուրակի շարունակությունը՝ ևս 110 հեկտար, Քաշաթաղի հատվածում էր, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, լուսանկարվել են Ադրբեջանի ղեդկավարն ու ընտանիքի անդամները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի Շիկահող գյուղի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը։

««Սոսիների պուրակն» այդ ամբողջության մեջ էր «Սոսիների պուրակ»։ Մեկը մյուսի շարունակությունն էր։ Միգուցե Շրջակա միջավայրի նախարարությունը պատկերացնում է, թե միայն Սյունիքի մարզում գտնվող հատվածն է «Սոսիների պուրակը», մինչդեռ դրանք անջատված մասեր չէին։ Քանի որ դեկտեմբերի 25-ից հետո Արցախի Քաշաթաղի շրջանը հանձնվել է թշնամուն, պուրակի այդ հատվածն էլ անցել է նրանց տիրապետության տակ»,- լրատվականին փոխացել է Ղազարյանը։

Անդրադառնալով անվտանգային հնարավոր խնդիրներին՝ Շիկահողի վարչական ղեկավարն ասաց․ «Բնակիչները խուճապի մեջ չեն, չեն վախենում, սակայն նողկալի է, որ թշնամին հասել է քթիդ տակ։ Մեզ համար թշնամին նորություն չէ, մենք նրան սովորեցինք դեկտեմբերի 25-ից, երբ եկավ, կանգնեց մեր ճանապարհին, այն էլ՝ զինված, բայց երբ թշնամի ղեկավարն է հայտնվում այնտեղ, դա մի այլ բան է»,-ասաց Ղազարյանն ու հավելեց, թե այս պահին անհրաժեշտ է սահմանների հստակ բաժանում կատարել։

«Մեզ մոտ պետք է չեզոք գոտի լինի, պետք է բաժանում լինի, հստակություն չկա, անգամ մի քայլ չի բաժանում ՀՀ-ի ու Ադրբեջանին։ Եթե գյուղացին հանկարծ անցնի, գերեվարության խնդիր էլ կարող է առաջանալ։ Անհրաժեշտ է հստակ սահմանազատում ու չեզոք գոտու ստեղծում»,-ասել է Նարե Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե Ալիևների լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ։

Please enter a valid URL