Search
Close this search box.

8 ադրբեջանցի հարձակվել են ինձ վրա` հարվածել, ուզում էին առևանգել. Արավուս գյուղի հովիվը մանրամասներ պատմեց իր և թշնամու միջև տեղի ունեցած դեպքից

Իմ գյուղի տարածքում 8 հոգով հարձակվել են ինձ վրա`քաշքշել, հարվածել աչքիս, մինչև հիմա աչքս վնասված է։ Զենքերը պահել էին ինձ վրա, ուզում էին առևանգել, տանել իրենց հենակետ։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ Ֆելիքս Ավագյանը, ում վրա օրեր առաջ անասուններին արածեցնելու ժամանակ հարձակվել էին ադրբեջանցիները։

Ֆելիքս Ավագյանին սկզբնապես օգնության է հասել իր փեսան, ինչից հետո օգնության են եկել սահմանը հսկող ժամկետային զինծառայողները, գյուղի տղաները, ինչից հետո ադրբեջանցիները հեռացել են։

«Այդ դեպքից հետո բոլորը վախենում են անասուններին տանեն արածեցնելու, ոչ ոք չի գնում, անասունները կոտորվում են գյուղի մեջ, ով ռիսկ կանի նորից տանի։ Մեր գյուղում բոլորը անասնապահությամբ են զբաղվում, հիմա չգիտեմ, թե ինչ պիտի անեն, մի մասը վաճառել է անասուններին, մի մասն էլ դրանով ա ապրում, հիմա ինչ պետք է անեն։ Մեր ջահելներին, մեր գյուղի բնակիչներին իրենց պոստերից հայհոյում են, քարերով հարվածում են ադրբեջանցիները»։

Մեզ հետ զրույցում Արավուս գյուղի գյուղապետ Արգամ Հովսեփյանը նշեց, որ դեպքի հետ կապված այսօր ռուս սահմանապահներ են այցելել, հարցուփորձ արել, թողել, գնացել․

«Ռուսներն ասացին, որ առաջիկայում հանձնաժողով պետք է ստեղծվի՝ այս խնդիրներին լուծում տալու նպատակով։ Ես այսօր էլ իրենց ասացի, որ էսպես չի կարող շարունակվել, թող չմտածեն՝ մենք քնելու ենք, իրենք գան, մեր ունեցվածքին տեր կանգնեն։ Բնակիչները վաճառել են անասունների մեծ մասը, պահել երկու-երեք գլուխ անասուն, որ իրենց երեխաներին կարողանան գոնե պահել»։

Արգամ Հովսեփյանը նշեց, որ սպասում են գյուղի տղաներին գրանցեն որպես աշխարհազորային, զենք բաժանեն, որ գյուղի բնակիչները որոշ չափով իրենց անվտանգ զգան։

Please enter a valid URL