Search
Close this search box.

Նա Հադրութում երկու տղաներին է կորցրել. նրանք դժոխքով անցան, հավաքելով այն, ինչ մնացել էր իրենց երեխաներից. Հադրութի սև եռանկյունին

forrights.am-ը գրում է. Ինչպես է պատահել, որ մարտական պատրաստություն չանցած, անփորձ, զինատեսակներին չտիրապետող, տարատեսակ խախտումներով զորակոչված երիտասարդներին 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագիծ են տարել, ապա տեղափոխել մի տարածք, որը մի քանի օր առաջ անցել էր թշնամուն: Ո՞վ է տվել այդ հրամանը, ինչո՞ւ են սպաները, հրամանատարները փախել, մենակ թողնելով տղաներին:

Այս հարցերի պատասխանները Հադրութում զոհված և անհետ կորած 72 տղաների ծնողներին չեն տալիս: Նրանք գիտեն, որ հոկտեմբերի 9-ից Հադրութի շրջանը եղել է թշնամու ձեռքին: Իսկ իրենց տղաներին «Մարտունի-3» պաշտպանականից այնտեղ են տեղափոխել հոկտեմբերի 13-ին, վստահ լինելով, որ էլ հետ չեն գալու:

«Որի հետ խոսում ես, ասում են՝ հրաման ենք ստացել: Հրամանը որտեղի՞ց է ծագել, ոչ ոք չի վերցնում իր վրա: Ես գտնում եմ, իրենց պետք էր, որ զոհերը տային ու ասեին՝ կռվեցինք, չկարողացանք պաշտպանել», — այս կոշտ համոզմունքի Ոսկեհատ գյուղի բնակիչ Մարիետա Բալայանը եկել է երկար հարցուփորձից, տարբեր պետական ատյաններ այցելություններից, պաշտոնյաների պատասխանները վերլուծելուց հետո:

Նա Հադրութում երկու տղաներին է կորցրել՝ Վահեին ու Դավիթին: Արցախ մեկնելուց հետո ամեն օր խոսում էր: Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Դավիթ Թևոսյանը փոքրն էր, Վահեն՝ մեծը: Մորն ասել են, որ լավ են:

Ամսի 6-ին Վահեն տրամադրություն չի ունեցել: Հրամանատարը նրան հանձնարարել է ինչ-որ ծանր զինատեսակ տեղափոխել, որի անունը որդին մորը հեռախոսով չի ասել: «Մենակ չկարողացա տեղափոխել, իսկ ինքը հայհոյանքներով ինձ վերջին բառերն ասեց: Պապային ասա, թող դրան զանգի, մենք հո անտե՞ր չենք, եկել ենք ստեղ իրենց համար դոշ ենք տալիս, իսկ իրանք մեր հետ էս ո՞նց են խոսում», — գանգատվել է Վահեն մորը: Անտարբերությունը զինվորների նկատմամբ նրանց մահից հետո էլ է դրսևորվում:

Հոկտեմբերի 11-ի առավոտյան զինվորները ճակատագրական հրաման են ստացել ու կեսօրին տեղափոխվել են Հադրութ: «Արդեն անհասանելի էին: Տարբեր համարներով էի զանգում, 10-20 զինվորի համարներ ունեի, ոչ մեկը չէր պատասխանում: Հեռախոսները ձեռքներից հավաքել են, երևի, որ չկարողանան կապ հաստատեն», — պատմում է Մարիետան:

Պատերազմից հետո արդեն, երբ բոլորը զոհվել էին, նրանցից մեկի հեռախոսն է գտել, մեջը՝ կարճ տեսանյութ, թե ինչպես են զինվորները երգելով, քայլում Հադրութ:

Մայրը որդիներին սկսել է փնտրել հոկտեմբերի 10-ից, և մինչև դեկտեմբերի 5-ը հավատացել է, որ ողջ են, թաքնվում են անտառներում: Համոզված է, որ առաջին իսկ օրվանից ՀՀ և Արցախի պաշտպանական գերատեսչություններում իմացել են 72 տղաների հետ կատարվածի մասին, բայց չեն հայտնել:

Դեկտեմբերի 5-ին ծնողներին թույլ են տվել Հադրութ մտնել, Այգեստան գյուղ, որտեղ զոհվել էին տղաները: Ու նրանք դժոխքի միջով անցան, հավաքելով այն, ինչ մնացել էր իրենց երեխաներից, տուն բերելով ու թաղելով նվիրական տուփերը:

Սկզբում Մարիետան Դավիթի մասունքներն է հողին հանձնել: Նրա ոտնաթաթն ու գլխից մի հատված հայտնաբերվել են, երբ տղային արդեն հուղարկավորել էին: «Երբ որ այդ մասունքները ԴՆԹ-ով նույնականացվել էին, պետք է բացեինք, նորից դնեինք Դավիթիս տուփի մեջ, բայց որ Վահեիս գտան էդ ընթացքում, էլ Դավիթի տուփը չբացեցին, դրեցին Վահեիս հետ»: Արցունքից խեղդվելով Մարետան հիշում է, որ կյանքի օրոք էլ նրանք անբաժան էին, որ առանց Դավիթի Վահեն իրեն չէր պատկերացնում, որ երկրորդ կուրսից թողեց ճեմարանը, որ փոքր եղբոր հետ բանակ գնա:

«Ասեց՝ չէ, գնում եմ, մամ, Դավիթի հետ կծառայեմ, կգամ: Երկու տարի զինվոր կպահես, 4 տարի չես պահի: Ու էսօր ոչ մեկին չի հետաքրքրում, ինչ եղավ էս երեխեքի հետ: Գոնե մեկը ցավակցեր, ոչ զինկոմիսարիատից, ոչ ՊՆ-ց, ոչ ոք չզանգեց: Ո՞վ ուներ իրավունք երկու եղբորը միանգամից ուղարկելու մարտական գործողության, երբ 50/50 էր, կարող է և հետ չգային: Ոչ մեկին դա պետք չի: Էդ տուփը տվեցին մեզ, ոնց որ ասեին՝ սրանցից էլ պրծանք: Եթե մենք ձայն չհանենք, մեզ չեն էլ հիշի, չեն ասի, որ մենք մեր ամբողջ ունեցվածքը՝ մեր թանկարժեք երեխեքին ենք տվել: Ես քարից եմ, որ ասեցին՝ երկու տղերքդ չկան ու ես հիմա ապրում եմ», — մղկտում է մայրը: Ու թվում է նրան, որ որդիները ողջ են, ուղղակի տանը չեն, բանակ են գնացել, դեռ կգան:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL