Search
Close this search box.

Պուտինը խիստ նեղացած է Սերժ Սարգսյանից

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս փուլում շատ ուշագրավ է ռուսական իշխանությունների վերաբերմունքը հայաստանյան քաղաքական ուժերի եւ մասնավորապես՝ առաջիկա ընտրությունների նկատմամբ։ Միշտ էլ ՀՀ քաղաքական դաշտը «ճշտվել» է ՌԴ իշխանությունների հետ, եւ բազմաթիվ քաղաքական գործիչներ մեկնել են Մոսկվա՝ «դաբրոյի» հետեւից, իսկ վերջին պատերազմից հետո առհասարակ՝ Հայաստանը եթե անգամ չի դարձել ՌԴ մարզ, ապա հիմնովին հայտնվել է նրա ազդեցության դաշտում։

Ինչպե՞ս են վերաբերվում ՌԴ իշխանությունները ներկա եւ նախկին իշխանություններին, ո՞ր քաղաքական ուժերին են «տեսնում» իշխանությունների ղեկին։ Նրանք արտաքուստ ազատ են թողել դաշտը՝ «պայքարեք, ով կհաղթի, նրա հետ էլ կաշխատենք» բանաձեւով։ Բայց նախկին նախագահներից իրենց համար նախընտրելին Ռոբերտ Քոչարյանն է։

Իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ շատ մերժողական է վերաբերմունքը, եւ դա գալիս է 2018 թվականից։ Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 23-ի հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը ոչ միայն աջակցություն չի խնդրել, այլեւ գոնե չի տեղեկացրել Վլադիմիր Պուտինին, որ պատրաստվում է նման քայլ անել։

Եվ նրա անսպասելի հրաժարականը Պուտինն իրեն ուղղված անձնական վիրավորանք է դիտել՝ համարելով, որ որպես գործընկեր՝ ՀՀ երրորդ նախագահը պարտավոր էր քայլ անելուց առաջ գոնե զանգել, հաղորդել, որ նման բան է ուզում անել։ Եվ դա է պատճառը, որ 18-ից հետո որեւէ շփում Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի հետ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL