Search
Close this search box.

Հրատապ․ Ջո Բայդենը իր ուղերձում օգտագործեց Հայոց Ցեղասպանության եզրույթը` փաստացի ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ Բայդենի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնումը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ 1,5 մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում:

Վերապրածներից շատերը ստիպված են եղել նոր տներ գտնել աշխարհով մեկ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Ուժով և ճկունությամբ հայ ժողովուրդը վերապրել և վերակառուցել է իր համայնքը: Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգները անթիվ եղանակներով, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որն իրենցից շատերի նախահայրերին բերել է մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք վերահաստատում ենք պատմությունը: Մենք սա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի կատարվածը երբեք չկրկնվի:

Այսօր մենք սգում ենք այն, ինչ կորցրել ենք, եկեք նայենք ապագային՝ այն աշխարհին, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մի աշխարհ, որն աղտոտված չէ ամենօրյա ֆանատիզմի և անհանդուրժողականության չարիքներով, որտեղ մարդու իրավունքները հարգված են, և որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքն ապրել արժանապատիվ և անվտանգ: Եկեք վերահաստատենք մեր համընդհանուր վճռականությունը ողջ աշխարհում վայրագությունները կանխելու հարցում: Եվ եկեք ձգտենք ապաքինման և հաշտեցման աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Հայ ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել Ցեղասպանության ժամանակ, որը սկսվել է 106 տարի առաջ այս օրը»:

Please enter a valid URL