«Այս ցեղասպան քաղաքականությունը կարող է ավելի դաժան հետևանքներ ունենալ, եթե ոճրագործությունը կատարողները չդատապարտվեն»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ Օսմանյան կայսրությունում 1915-ին տեղի ունեցածից հետո պատմական արդարությունը վերականգնված չէ, քանի որ սպանվեցին, խոշտանգվեցին, բռնաբարվեցին, իրենց պատմական հայրենիքից վտարվեցին մարդիկ, իսկ կատարողները դեռ անպատիժ են։
« Այն, որ շարունակվում է Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը, վկայում է նաև 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում՝ Արցախյան պատերազմին նվիրված ռազմական շքերթի ժամանակ Էրդողանի հայտարարութունը, երբ ասաց, որ ադրբեջանական կողմից ընկածների հոգին փառավորվել է այնպես, ինչպես 1915-ին հայերի նկատմամբ ոճիր գործածներինը»,- հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ը։
Նրա արձանագրմամբ՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը սոցցանցերում տարածում էր այնպիսի նյութեր, որտեղ համեմատություններ էր իրականացվում Հայոց մեծ ցեղասպանությունը կատարող ոճրագոծների ու ադրբեջանական կողմից կռվողների միջև։
«Եվ շատ-շատ էին կոչերը, որոնցում ասվում էին, թե իրենք 1915-ին ամբողջապես չեն հասել իրենց նպատակին, և հիմա պետք է իրականացնեն դա։ Սա նշանակում է, որ այս երկու երկրները մեզ համարում են իրենց ոխերիմ թշնամին։ Ավելին, տեսնում ենք, որ Բաքվում վերջերս բացված պուրակը լայն հասանելիություն ունի երեխաների համար, և դա նշանակում է, որ այդ նույն սկզբունքով քաղաքականություն վարելը խրախուսվում է։ Ադրբեջանում խրխճանքի է վերածվում հայասպանության ցանկացած դեպք»,- ասաց նա։
«Մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք, որ հակամարտությունը չի ավարտվել, և ամբողջ հարցն այն է, որ մենք չպետք է թողնենք մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ, որովհետև նրանք մշտապես վարել են այդ քաղաքականությունը, իսկ հընթացս վարել են պատերազմ»,- ընդգծել է ՄԻՊ-ը՝ ավելացնելով, որ այսօրվա խորհուրդը պետք է լինի այն, որ հայ ժողովուրդը դառնա ավելի համախմբված՝ մարտահրավերներին միասնական դիմակայելու համար։