Hraparak.am-ի հարցազրույցը ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ
— Տիկին Տոնոյան, տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը մտքափոխվել է եւ ուզում է հետաձգել կամ չեղարկել արտահերթ ընտրությունները, որի շուրջ պայմանավորվածության եկան ձեր կուսակցության ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստանի» հետ հանդիպումների արդյունքում։ Այդ դեպքում ո՞րն է լինելու ԲՀԿ-ի հաջորդ քայլը։
— Մինչ պատասխանելը Ձեր հարցին, ուզում եմ անդրադառնալ շրջանառության մեջ դրված այն թեզին, որ իշխանությունը մտքափոխվել է եւ փորձում է բանակցել ԲՀԿ ղեկավարի հետ, խոսվում է կոալիցիա կազմելու մասին։ Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։
— Դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը չի փորձում։
— Իշխանության նկրտումների վերաբերյալ ես, բնականաբար, մեկնաբանություն չեմ տալու, իշխանությունների գործողությունների մասին, կարծում եմ, ճիշտ կլինի, որ իշխանություններից տեղեկանաք։
— Իրենցից տեղեկացել ենք ու գրել։
— Դե, պաշտոնապես փորձեք տեղեկանալ։ ․․․Մեր մասով ես ասում եմ՝ իրականությանը չի համապատասխանում։ ԲՀԿ-ն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ գնում է այդ օրակարգով։ Դուք ինքներդ էլ շատ լավ տեսնում եք, որ վերջին օրերի ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական ծրագրի նախնական տարբերակում զետեղված ծրագրային դրույթների հետ կապված հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ։ Բնականաբար, քննարկումներ են տեղի ունենում, տնտեսագետներ եւ այլն, այլ ոլորտի ներկայացուցիչներ, եւ այդ աշխատանքներն անձամբ գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ Այնպես որ, սա է ԲՀԿ-ի միակ օրակարգը, որով առաջնորդվում է եւ շարժվում է առաջ։
— Դա հասկանալի է, բայց եթե խախտվում է այդ պայմանավորվածությունը, իրենք չեղարկում են ընտրությունները, ի՞նչ եք անելու, քննարկե՞լ եք նման հարց, թե՞ կասկած չունեք, որ չի խախտվելու։
— «Եթե»-ներով կամ նման այլ ձեւակերպումներով հարցերին, բնականաբար, չեմ անդրադառնալու, որովհետեւ տեսական ինչ-որ բաների մասին ենք մենք խոսում։ Ես ասում եմ, թե որն է մեր օրակարգը, որեւէ այլ օրակարգ մենք չունենք ու չենք քննարկում հնարավոր տարբերակներ։ Կլինեն իրադարձություններ, կլինի քաղաքական իրավիճակի փոփոխություն, ԲՀԿ-ն, բնականաբար, եւս կդիրքավորվի այդ օրակարգի տրամաբանության մեջ եւ իր անելիքների մասին հրապարակային կհայտարարի։
— Կարո՞ղ ենք ենթադրել, որ պայմանավորվածությունը խախտվելու դեպքում կվերադառնաք կրկին փողոց։
— Կրկնում եմ՝ կլինի քաղաքական իրավիճակի փոփոխություն, ԲՀԿ-ն եւս կդիրքավորվի այդ օրակարգի տրամաբանության մեջ եւ իր անելիքների մասին հրապարակային կհայտարարի։
— Որտե՞ղ է ֆիքսվել, թե կոնկրետ ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ծառուկյանը, եւ որ չի խախտվի պայմանավորվածությունը կամ եթե խախտվի՝ ինչ կլինի։ Ինչո՞ւ մարդիկ չպիտի կասկածեն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հազարումի պատրվակով հետքայլ անել։
— Ես կոնկրետ բառային ճշգրտությամբ հանդիպման մանրամասներին չեմ տիրապետում եւ չեմ էլ կարող տիրապետել, մենք ասել ենք, որ, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը, արտահերթ ընտրությունների անցկացումը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակն է, իսկ մնացած բոլոր առումներով ես չեմ կարող պատասխանատվություն կրել իշխանության անելիքների, որոշումների կամ դրանց հնարավոր փոփոխությունների մասով։
— Բայց պատասխանատվություն եք վերցրել եւ խոստացել, որ ընտրություններ են լինելու։
— Ի՞նչ է նշանակում՝ խոստացել եք։
— Մինչ այդ հայտարարություն կար՝ փողոցային ակտիվ պայքարի, որին մասնակցում էր նաեւ ԲՀԿ-ն, իսկ երբ հայտարարվեց, որ ընտրություններ են լինելու, փողոցը թուլացավ։
— Փողոցային պայքարի շարունակականությունը եւ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը մեկը մյուսին չեն բացառում։ Այդ ժամանակահատվածում էլ մենք տեսել ենք, որ դրանք զուգահեռ գործընթացներ են եղել։ Այնպես որ, պետք չէ ԲՀԿ-ին վերագրել ինչ-որ գործողություններ, որոնք ԲՀԿ-ն ո՛չ արել է, ո՛չ անում է, ո՛չ էլ պատրաստվում է անել։
— Ուզում եք ասել, որ փողոցային պայքարում չե՞ք պասիվացել․ խոսքը ձեր կուսակցության մասին է։
— Ես կրկնում եմ, որ դրանք զուգահեռ ընթացող գործողություններ են, եւ ԲՀԿ-ն այս ամբողջ ժամանակահատվածում եղել է բոլոր այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է եղել ԲՀԿ-ի ներկայությունը՝ դրան զուգահեռ ներկայացնելով նախընտրական գործընթացների նախապատրաստական աշխատանքներ։
— Սյունիքի դեպքերը, ըստ Ձեզ, տրամադրություններ առաջացնո՞ւմ են, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրություն անցկացնել, քանի որ, իշխանության բնորոշմամբ՝ խուլիգանական մթնոլորտ կա։
— Ես շատ կուզենայի, որ իշխանությունը կոնկրետ երեւույթների հետ կապված գնահատականները հնչեցնելիս դրանք իրականացներ օբյեկտիվության շրջանակներում։ Եթե այս կամ այն մարզում ծափերով են ողջունում իշխանություններին, դրանք մեր լավ հայրենակիցներն են, իսկ երբ ժողովրդի ինչ-որ մի մաս իր դժգոհություններն է արտահայտում, միանգամից դառնում է խուժան կամ բանդա կամ էլ խուլիգան։