Search
Close this search box.

Կասկադյորական ավտովթար «Փարաքարի գաի պոստի» մոտ. KIA-ն կոտրել է ճաղավանդակներն ու հայտնվել բետոնե հենապատի վրա

Այսօր՝ ապրիլի 23-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ժողովրդին հայտնի «Փարաքարի գաի պոստի» մոտ, բախվել են KIA Sorento-և ու Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով KIA-ն հարվածել է բաժանարար գոտու երկաթե ճաղավանդակներին, որոնցից մի քանի դետալ շպրտվել և հարվածել է ճանապարհով ընթացող Renault մակնիշի ավտոմեքենային, իսկ KIA-ն էլ հայտնվել է բաժանարար բետոնե հենապատի վրա:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հայկ Չորեկյանն ու Տիգրան Մազմանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչատուր Գինոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարարականով KIA-ն և Mitsubishi-ն տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան վարչության բաժնի աշխատողները, ովքեր աշխատանքներ են կատարում վնասված ճաղավանդակները նորով խոփարինելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL